Հանրապետական կուսակցության`քաղաքացիական համաձայնության, հասարակական վստահության մթնոլորտի ամրապնդման և առկա խնդիրների համատեղ լուծման վերաբերյալ հայտարարության նախագիծն ավելի քան իրատեսական և պատեհաժամ է: Այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`խոսելով ՀՀԿ հայտարարության նախագծի մասին, որը պետք է քննարկվեր խորհրդարանական մեծամասնության կողմից երկրում ստեղծված հետընտրական իրավիճակից ելքին նվիրված արտահերթ նստաշրջան նախաձեռնելու դեպքում: Նա նշել է, որ Հայ ազգային կոնգրեսի առաջարկած հայտարարության նախագիծն, օրինակ, ավելի շատ հիշեցնում է հանրահավաքային ելույթ, քան Ազգային ժողովի հայտարարության նախագիծ: Ըստ որում, Շարմազանովը կրկին հայտարարել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է ստեղծված հետընտրական իրավիճակից ելքի շուրջ երկխոսության, սակայն այդ երկխոսությունը պետք է լինի առարկայական, այլ ոչ թե շոու հիշեցնի: Փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն կհաստատվի, քանի որ իշխանությունը բաց է այդ երկխոսության համար: Սակայն, նա հաղորդել է, որ ՀՀԿ առաջարկած հայտարարության նախագծի նկատմամբ ընդդիմադիր խորհրդարանական ուժերի ոչ կառուցողական դիրքորոշումը հաշվի առնելով`կառավարող կուսակցությունն այսօրվա դրությամբ արտահերթ նստաշրջան անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում`առնվազն մինչև ընթացիկ շաբաթվա վերջը: Ինչպես նշել է Շարմազանովը, ՀՀԿ առաջարկած հայտարարության նախագծում, մասնավորապես նշվում է, որ ՀՀ Ազգային ժողովը, մտահոգված լինելով Հայաստանի հետընտրական իրադարձություններով, գիտակցելով, որ քաղաքացիական համերաշխությունը, հասարակական և քաղաքական վստահությունը կնպաստեն երկրի զարգացմանը, կոչ է անում բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ջանք գործադրել`փոխհանդուրժողականության մթնոլորտում երկխոսություն ծավալելու նպատակով: ՀՀ ԱԺ-ն անհրաժեշտ է համարում նաև կառուցողական քննարկումներ սկսել սահմանադրական բարեփոխումների և ընտրական համակարգի բարելավման շուրջ: ՀՀ Ազգային ժողովը դիմում է երկրի բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիներին`կոչ անելով զերծ մնալ ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին հակասող գործողություններից և գնալ երկխոսության ճանապարհով`փորձելով համատեղ ջանքներով լուծել գոյություն ունեցող խնդիրները: