Ռուսաստանի դատախազությունն ու հարկային մարմինները խուզարկել են նաև կաշառակերության դեմ պայքար մղող «Transparency International» իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը
Ռուսաստանի իշխանությունները խուզարկել են «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության մոսկովյան գրասենյակը:
Ռուսաստանի դատախազության և հարկային մարմինների ծառայողները չորեքշաբթի օրը խուզարկել են նաև կաշառակերության դեմ պայքար մղող «Transparency International» իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը:
Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետության դատախազությունը բացի այդ խուզարկել է տեղական իրավապաշտպան «Ագորա» կազմակերպության գրասենյակները:
Կարդացեք նաև
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը երեքշաբթի օրը «անհանգստացնող» է անվանել Ռուսաստանում հասարակական կազմակերպությունների ստուգումների ալիքը՝ նշելով, որ այս ստուգումները «ուղղված են երկրում քաղաքացիական հասարակության խաթարման վրա»:
«Amnesty International»-ի ռուսաստանյան տնօրեն Սերգեյ Նիկիտինն ավելի վաղ հայտնել էր, որ երկուշաբթի օրը երկրի դատախազության և հարկային մարմինների ծառայողները չհայտարարված ստուգում են անցկացրել Մոսկվայում կազմակերպության գրասենյակում, որի ընթացքում պահանջել են այնպիսի փաստաթղթեր, որոնք, ըստ տնօրենի, արդեն իսկ ներկայացվել էին կառավարական մարմիններին:
Այս խուզարկումն իրականացվել էր անցյալ մի քանի շաբաթվա ընթացքում Մոսկվայում հասարակական մի շարք կազմակերպությունների գրասենյակները դատախազության ծառայողների կողմից խուզարկումերն իրականացնելուց հետո:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից անցյալ տարի ստորագրված օրենքը պահանջում է, որպեսզի օտարերկրյա ֆինանսական օժանդակություն ստացող և «քաղաքական գործունեության մեջ ներգրավված» հասարակական կազմակերպությունները որպես «օտարերկրյա գործակալներ» գրանցվեն երկրի արդարադատության նախարարությունում: Քննադատների համաձայն, օրենքը ստեղծված է Կրեմլի ընդդիմախոսներին ահաբեկելու համար:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»