Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի աազգային հավաքականի անդամ, հունահռոմեական ըմբիշ Վաչիկ Եղիազարյանի նվաճած բրոնզե մեդալը Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնությունում 120 կգ քաշային կարգում առաջինն է մարզաձեւի Հայաստանի պատմության մեջ:
Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Ջուլֆալակյանն ասաց, որ ավելի բարձր արդյունք ունի միայն Յուրի Պատրիկեեւը: Սակայն վերջինը, չնայած, հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, կայացել է Ռուսաստանում: «Վաչիկը աճել է Հայաստանում ու տեղի կադր է: Թբիլիսիում նա շատ լավ գոտեմարտեր անցկացրեց: Եվ 3-րդ տեղի համար պայքարում ռուս ըմբիշին հաղթելը շատ դժվար էր: Ռուսներն այդ քաշային կարգում հիմա որքան էլ թուլացած լինեն, հավատացեք, միեւնույն է ուժեղ մարզիկներ շատ ունեն: Ընդհանրապես Վաչիկ Եղիազարյանը վերջին վեց ամսում դրական մեծ առաջընթաց է արձանագրել», – ասաց ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ