Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Թբիլիսիում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո Aravot.am-ի հետ կիսվեց մեր ըմբիշների մրցելույթներից իր տպավորություններով:
«96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանից Վրաստանում նախ եւ առաջ մեդալ էինք սպասում, ընդ որում՝ ոսկե: Եվ նա մեր ակնկալիքներն արդարացրեց՝ Լոնդոնի օլիմպիական բրոնզին ավելացնելով Եվրոպայի երկրորդ ոսկին: Արթուրը մեկ անգամ եւս ապացուցեց, որ իր քաշային կարգում լավագույններից է Եվրոպայում: Թբիլիսիում նա ապացուցեց նաեւ, որ հոգեբանորեն կայուն ըմբիշ է ու, անկախ մրցավարությունից, մրցագորգի վրա հավասարակշռված է ու կարողանում է անել այն, ինչի ընդունակ է: Նա Եվրոպայի առաջնությունում անցկացրած բոլոր գոտեմարտերում էլ վստահ հաղթանակներ տարավ բոլոր մրցակիցների նկատմամբ՝ որոնցից մի քանիսը համեմատաբար հեշտ, մյուսները՝ դժվարին պայքարում: Սակայն Արթուրը դեռ աճելու, նկատելի թերությունները վերացնելու տեղ ունի եւ մենք նրա հետ միասին պետք է դրանք վերացնենք», – ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ