Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռուսաստան գնացող սամալյոտը ոնց որ զինկոմի ավտոբուսը լինի »

Մարտ 27,2013 22:51

OLYMPUS DIGITAL CAMERAԳյումրեցի  Հրանտ   Պետրոսյանի համոզմամբ` ռուսաստանաբնակ հայ ունեւորներին հնարավոր է  հայրենիք  վերադարձնել՝ Գյումրին  «սպորտսիթի»  դարձնելով:

Գյումրիում աղջիկների հոկեյի դպրոցի հիմնադիր  Համլետ Պետրոսյանը, ով մոտ 16 տարի ապրում է Նովոսիբիրսկում ու զբաղվում է գործարարությամբ,   այժմ որոշել է Գյումրու ռուսական Պետուշոկ թաղամասի հարևանությամբ հիմնել Gyumri sportcity-ն , որը նրա բնութագրմամբ, կլինի քաղաք ` քաղաք մեջ: Այն տարբեր սպորտային համալիրների միավորում լինելուց զատ,  կլինի  խոշոր բիզնես կենտրոն, որը միջազգային ասպարեզ կհանի Գյումրին:  Իսկ  որ ամենակարևորն է, ըստ հիմնադրի, հայրենի  քաղաք կվերադարձնի Ռուսաստանում բնակվող  ունևոր հայերին:

«Ինչքան հնարավոր է այս ծրագիրը պետք է շուտ  կյանքի կոչել, որովհետև կա շատ լավ շանս, ես անձամբ խոսել եմ շատ-շատ չեմպիոնների` Իսկանդարյանի, Արմեն Նազարյանի հետ, Հունաստանի մարզիչն է , էն մյուսը`  Ուկրանիայի: Սպորտսմեններ են պատրաստում,   ուրիշի սելին  հորովել ենք երգում  ու բոլորին որ հարց ես տալիս`  իսկ Հայաստան կգա՞ ս, առաջին  արձագանքը հետևյալն է` իսկ գամ ի՞նչ անեմ, այսինքն  այստեղ «ինչը» չկա:   Մեծ հաճույքով շատերը կգան. Ռուսաստանում  ունենալով  ինչ ասես , միևնույնն է Հայաստանի , հատկապես Գյումրու օդն ու ջուրը  ոչ մի տեղ չկա: Համոզված  եղեք Ռուսաստանում էսպես ասած առաջ  ընկած հայեր շատ կան, որոնք գոնե իրենց հասարակ բիզնեսը ունեն , բայց կարող են իրենց  բիզնեսը թողնել  ու գան Հայաստանում ապրելու: Այսինքն   թոշակի պես իրենց փողը կա , մեծ հաճույքով կգան Գյումրի,  բայց քանի որ ժամը 5-ից հետո կյանք   չկա, ճամփեքը քանդած, ոչ մի բան չկա անելու , էրեխեքը դատապարտված են  ընդհանրապես  ոչինչ չանելուն, այդ պատճառով էլ առաջին հարցն  է` գամ ի՞նչ անեմ: Դրա համար եմ ասում Գյումրին  sportcity պետք է դարձնել: Ես համոզված եմ, որ ես միակը չեմ, էս ծրագիրը միայն Հրանտինը չէ,  ինձ պես մարդիկ շատ կլինեն, որոնք կգան,  ներդրումներ կկատարեն 2500 տարվա քաղաքի  համար»,- ասում է մեր զրուցակիցը :

Քանի որ 6 տարի շարունակ գործարարի այս ծրագիրը չէր հաստատվում,  Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ են արդյոք այն  խոսակցությունները, թե գործարարները Գյումրիում ներդրումներ չեն կատարել այն պատճառով, որ իշխանությունները փորձել են 50 տոկոսով   փայատեր մտնել: « Կոնկրետ  իմ հետ կապված էդպիսի բան չի եղել, դրանք  ավելի շատ խոսակցություններ են, և հետո հայի բնավորությունն  այնպիսին  է, որ ամեն բան պատմողը էնպես կպատմի, որ իրեն էլ հետաքրքիր լինի: Հարցը այն է , որ էնքան մարդիկ կան, որոնք ոչ մի բան չեն ուզում անել ու պատճառ են բռնում: Կան ինչ-որ բաներ,առաջարկներ լինում են, թե  էս մեկն արա, կամ հարցնում են` ես ի՞նչ պտի ունենամ,  բայց էդ երևի ամբողջ աշխարհում կա, ուղղակի  մեզ մոտ  օրինաչափ է դարձել: Ու ամենամեծ խոչընդոտն այն է, որ մենք կորցրել ենք ամաչելու զգացողությունը: Մենք չենք ամաչում ոչ մի բանից, « մենք տուն ենք պահում, երեխա ենք պահում»  վերնագրի տակ  ինչ ուզում անում ենք: Ու եթե նույնիսկ շատ մոտիկ շրջապատում ասում ես `էս մարդը էս վատ բանն արեց , կողքից արդարացնում են` հա բա ի՞նչ պիտի աներ, ուսանող երեխա ունի: Այսինքն բոլոր տեսակի անվայել բաները  կարելի է էդ պատրվակով արդարացնել : Չկա երկար մտածել, մեզ մոտ ստամոքսի թագավորություն է , ոչ միտքը, որ սիրտը, այլ ստամոքսն է  բոլորին հաղթել : Ճապոնիայում ցունամի ելավ,  2 տարի չի անցել  գնացեք տեսեք հետքերը չի  էլ  երևում, իսկ Գյումրիում ոնց որ երեկ ելած լինի երկրաշարժը: Ու մենք հետևություններ չարեցինք: Եթե մի տարվա Ռուսաստանում  հայերի կողմից կատարված ասֆալտը տեղափոխենք Հայաստան, Հայաստանը երեք կռուգ կասֆալտվի, էլ չեմ  ասում Բելոռուսիա, Ուկրանիա: Ամենավատն այն է,  որ բոլորը մեղադրում են  պրեզիդենտին, բայց պրեզիդենտը ի՞նչ անի , նախ մեզ ամեն տեսակ պերզիդենտն  էլ  ափսոս է , որովհետև մենք ոչ մի մարդու  արժանի չենք` մեր էս արժանիքներով : էսօր մեկս մյուսիցս փախչում ենք, եթե դուք էսօր նստեք Ռուսաստանի  սամալյոտ, ոնց որ զինկոմի ավտոբուսը լինի, սաղ աշխատող  մասսան  գնում է այնտեղ: Գյումրիում ծերերը դարձել են  իրենց տան պահակը, որ մեծին նայում ես չարի վերջը լինի, իհարկե բացառություններ կան, բայց խոսքս հիմնական մասսայի մասին է: Ու ես չգիտեմ էս սերնդի  հետ  5-10 տարի հետո ի՞նչ կկատարվի, դրա համար պետք է էս տեսակ ծրագրերը  արագ կյանքի կոչել»:

Մեր զրուցակիցը պատրաստ է Գյումրի բերել խոշոր ներդրողների, արդեն իսկ հետաքրքություն կա Արաբական երկրներից, Չինաստանից, սակայն, ըստ նրա,  անհրաժեշտ  են  արտոնյալ  պայմաններ շնորհել ներդրողների համար, որպեսզի նրանք ոտք դնեն ռիսկային համարվող մեր երկիր  : Այս մասին գործարարի առաջարկները ընթերցեք  վաղվա տպագիր « Առավոտ»-ում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031