Լրահոս
Օրվա լրահոսը

Կապան քաղաքի շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության պահպանման 2014թ.-ի ծրագիրն արժե 20 մլն դրամ

Մարտ 27,2013 22:06

Օրեր առաջ Կապան համայնքի ավագանին հաստատեց Կապան քաղաքի շրջակա միջավայրի  եւ բնակչության առողջության պահպանման  2014թ.-ի ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 20 մլն 65 հազար դրամ: Ծրագիրը բաղկացած է  բնապահպանական եւ առողջապահական միջոցառումներից, որոնց համար նախատեսված է համապատասխանաբար 13 մլն 743 հազար  եւ 6 մլն 321 հազար դրամ գումար:

Կապանի քաղաքապետարանի ծրագրերի եւ  արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանի փոխանցմամբ` բնապահպանական միջոցառումների շրջանակներում նախատեսված է  մակերեւույթային ջրերի եւ ջրային էկոհամակարգի պահպանություն, այդ թվում` Վաչագան գետի հունի մասնակի մաքրում, մթնոլորտային օդի պահպանություն` Կապանի Արամ Մանուկյան փողոցի մայթերի ծառատնկման, կանաչապատ տարածքների վերականգնման, բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքներ:

Ծրագրում նշված է, որ պղնձի եւ բազմամետաղային հանքավայրի երկարամյա շահագործումը, շրջակա տարածքներում իրականացված եւ իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների հսկայական ծավալները, խոշոր պոչամբարների առկայությունը, հին հանքախորշերի փլուզման վտանգները, սողանքային ակտիվ գործունեությունները,  նախկինում տարածքի անտառներում կատարված անկանոն հատումները, քաղաքի միջով անցնող  եւ խոշոր բեռնատարների երթեւեկությամբ ծանրաբեռնված միջպետական ավտոմայրուղին  քաղաքի բնության եւ բնակչության առողջության համար էկոլոգիական մեծ ռիսկեր են պարունակում: Չնայած այս ամենի` մինչեւ օրս իրավիճակի գնահատման  եւ իրական պատկերը ստանալու նպատակով որեւէ համալիր միջոցառում չի իրականացվել, ինչն էլ դժվարություններ է առաջացնում խնդիրների բացահայտման եւ դրանց լուծմանն ուղղված միջոցառումներն արդյունավետ իրականացնելու համար: Տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացմամբ ու ծանրաբեռնված մայրուղու առկայությամբ է նաեւ պայմանավորված  կանաչապատ տարածքների ընդլայնման անհրաժեշտությունը: Բացի այդ, նախկինում տնկված  եւ ոչ ճիշտ ընտրված ծառերն այսօր արդեն ծերացել են, ծառերի արմատներն էլ վերեւ աճելով խարխլել են մայթերի սալիկներն ու հողաշերտը, որն անհարամարություններ է ստեղծել անցորդների համար եւ նրանց դժգոհության առիթ տվել բազմիցս:  Ներկայումս խնդիր է առաջացել նշված ծառերը փոխարինել նոր ծառերով եւ ընտրել ճիշտ ծառատեսակներ, որպեսզի հետագայում նույն խնդիրը չառաջանա, իսկ մայթերն էլ կբարեկարգվեն:

Ծրագրի առողջապահական միջոցառումների մասով նախատեսված է աջակցել Կապան քաղաքային համայնքի  ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների բուժկետերին` բժշկական գործիքների եւ սարքավորումների, դեղորայքի եւ գույքի ձեռքբերում, որոնց շնորհիվ կբարելավվի իրականացվող բուժսպասարկման  մակարդակը:

Կապանի քաղաքապետարանի ծրագրերի եւ  արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանի տեղեկացմամբ` ծրագիրը կներկայացվի ՀՀ առողջապահության եւ բնապահպանության նախարարություններ, նրանց կողմից համաձայնություն ստանալուց հետո արդեն կներկայացվի կառավարություն`  2014թ.ի բյուջեում ներառելու համար:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031