Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վճռեց՝ հեռուստաընկերությունից եւ լրագրողից համապարտությամբ գանձել 140 հազար դրամ

Մարտ 27,2013 21:53

 

 Դատարանը մերժեց  3 միլիոն դրամի հայցը

2011թ. հուլիսի 15-ին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել լրագրող Նաիրա Խաչիկյանի եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի դեմ, հայտնելով, որ 2011թ. հունիսի 21-ին  Հ2-ի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ  հեռարձակվել է տեսանյութ, որի մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ:

Հայցվորը  դատարանին խնդրել է  Ն. Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիային» պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել եւ պատասխանողներից համապարտությամբ որպես փոխհատուցում բռնագանձել 3 միլիոն դրամ:

Նշենք, որ հայցը վերաբերում է պետբյուջեի միջոցներով «Իջեւանի ճՇՇ»-ի  կողմից  Իջեւանի մի քանի փողոցների նորոգման հետ կապված հանգամանքներին: 2012թ. ապրիլի 27-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը  հայցը բավարարել է մասնակի եւ վճռել Նաիրա Խաչիկյանից հօգուտ  «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 50 հազար դրամ՝որպես զրպարտության համար փոխհատուցման գումար եւ մնացած մասով հայցը մերժել: Դատարանը վճռել է  Ն. Խաչիկյանից հօգուտ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել  20 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար եւ 1500 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: 2012թ. հուլիսի 7-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանվել  է, գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում  գործի քննությունը սկսվել է 2012թ. սեպտեմբերի 26-ին: 2013թ. մարտի 22-ին  դատավոր Աշոտ Խաչիկյանը հրապարակել է  վճիռը: Դատարանը համարել է, որ գործի քննությամբ չի հիմնավորվել «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի պատվին , արժանապատվությանը եւ գործարար համբավին վիրավորանք հասցնելու հանգամանքը: Այդ հիմքով դատարանը մերժել է  «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ին եւ Նաիրա Խաչիկյանին ներողություն խնդրելուն եւ համապարտության կարգով 1 միլիոն դրամ փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու հայցվորի պահանջը:

Դատարանը որոշել  է, որ զրպարտության առկայության պարագայում 2 միլիոն դրամ փոխհատուցումը պարտավորեցնելու պահանջը պետք է մերժել ՝հիմք ընդունելով պատասխանողների  գույքային դրությունը: Դատարանը վճռել է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի եւ Նաիրա Խաչիկյանի  (ներողություն խնդրելուն եւ փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին) մերժել:

Դատարանը վճռել է «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից եւ Նաիրա Խաչիկլյանից համապարտության կարգով հօգուտ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել  100 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար եւ 40 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:  Դատարանը նաեւ որոշել է վերացնել Տավուշի մարզի դատարանի 2012թ. հուլիսի 30-ի «Հայցի ապահովում կիրառելու մասին» որոշմամբ, որպես հայցի ապահովման միջոց, հայցագնի՝ 3 միլիոն դրամի չափով Նաիրա Խաչիկյանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա դրված արգելանքը:  Այդ վճիռը մեկ ամսվա ընթացքում կարող է  բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031