Մարտի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց եզդի համայնքի ներկայացուցիչներին՝ «Եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ հայերի եւ եզդիների միջև միշտ էլ ջերմ, բարեկամական հարաբերություններ են եղել. «Հայաստանը ոչ միայն հայերի, այլև այնտեղ ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների հայրենիքն է, ու մենք պետք է աջակցենք միմյանց, ամեն մեկն իր տեղում պետք է օգնի, որ այն դառնա ապահով, բարեկեցիկ երկիր։ Եկեք մեր շահը դարձնենք մեր երկրի բարեկեցությունը»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը։
Ոստիկանության պետը նշեց, որ առաջիկայում ոստիկանությունում ձևավորվելիք հասարակական խորհրդում կընդգրկվի նաեւ եզդի համայնքի ներկայացուցիչ։ Բացի այդ՝ ոստիկանությունն այսուհետ առավել կակտիվացնի համագործակցությունը ազգային փոքրամասնության ներկայացուցիչների հետ։
Վլադիմիր Գասպարյանը վստահեցրեց՝ ոստիկանությունն այսօր նորովի է մտածում, ոստիկանության միտքը, պահվածքը, գործելաոճը փոխվում են, ոստիկանությունն այսօր վստահաբար ծառայում է հանուն օրենքի ու ժողովրդի։
Կարդացեք նաև
Հյուրերն իրենց հերթին հավաստիացրին, որ եզդիները պատրաստ են համագործակցել ոստիկանության հետ հանուն հասարակական անվտանգության։
Հանդիպման ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հուշանվերներ հանձնեց հյուրերին։
ՀՀ ոստիկանություն