Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ այսօր «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ում տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի հետ համատեղ արտագնա խորհրդակցություն:
Նիստին մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի բնապահպանական և գյուղատնտեսական հանձնաժողովի անդամները նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը և «Խոսրովի անտառ»-ին հարող համայնքների ղեկավարները:
Բնապահպանության նախարար Արամ Հարությանյանը, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին, հայտնել է, որ քննարկման արդյունքում բարձրացված հարցերը պետք է լուծվեն օրենսդրական ճանապարհով:
«Այսօրվա մեր առաջնահերթ խնդիրն է, որ Ազգային ժողովի պատգամավորների, մարզի ղեկավարության, գիտնականների «Խոսրովի անտառ»-ի ն հարակից համայնքների ղեկավարների հետ համատեղ, քննարկենք առկա խնդիրները: Քննարկման արդյունքում կստեղծվի համատեղ աշխատանքային ծրագիր»,-բացման խոսքում նշել է նախարար Հարությունյանը: Նա կարևորել է արգելոցին հարակից համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Մարտուն Գրիգորյանը հանձնաժողովի անունից հայտնել է, որ իրենք էլ իրենց հերթին պատրաստ են բոլոր խնդրահարույց հարցերը բարձրաձայնել Ազգային ժողովի ամբիոնից և աջակցել դրանց իրականացմանը:
Օրակարգի առաջին հարցով բնապահապանության նախարարի տեղակալ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի խորհրդի նախագահ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է արգելոցում արձանագրված խնդիրները, դրանք են. համայնքների բնակչության կողմից արգելոցի ռեժիմի խախտումները, անասունների արածեցումը արգելոցի տարածքում, ծառահատումները, հրդեհների մարումը: Խաչիկ Հակոբյանի խոսքով բավականին լուրջ է սահմանազատման խնդիրն արգելոցը շրջապատող որոշ համայնքներում, քանի որ դրանց տարածքները սեպաձև մտած են արգելոցի տարածքի մեջ և անհրաժեշտ է դրանք լուծել մարզային կադաստրի հետ: Բացի դրանից անհարժեշտ է ապահովել լայն տեղեկատվական դաշտ, համայնքներում քարոզչական աշխատանքներ իրականցնել, համայնքների դպրոցականների «Խոսրովի անտառ»-ի վարչական շենքի թանգարան այցելությամբ, արգելոցի տարածքում բաց դասերի կազմակերպմամբ տեղեկատվական հանրամատչելի գրականության տարածմամբ և այլն:
Ծավալված քննարկման արդյունքում համայնքների ղեկավարները նախարարին պատգամավորներին և մարզի ղեկավարությանը ներկայացրել են օրակարգային հարցերի հետ կապված իրենց մտահոգությունները:
Օրակարգի հաջորդ հարցով Բնապահապանության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Քննարկման ավարտին Արարատի մարզպետը` համայնքապետերին, իսկ նախարար Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի ղեկավարությանը հանձնարարել են լրջորեն աշխատել համայնքների հետ, որպեսզի խնդրո առարկա հարցերը շուտափույթ լուծումներ ստանան:
ՀՀ բնապահպանության նախարարություն