Այսօր Գաֆէսճյան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում տեղի ունեցավ Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված «Ֆիլմ + H20 » մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Կինո-մրցույթը նվիրված էր «Ջրային համագործակցության» թեմային: «Ֆիլմ + H20» մրցույթին ներկայացված աշխատանքներում արծարծված էին ջրի սակավության արդյունքում առաջացած խնդիրները, որոնցում ռեժիսորների կողմից առաջարկված են այդ խնդիրների լուծման տեսլականներ :
Հայերեն խոսքով բացման ելույթով հանդես եկավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, որը նշեց, որ այս փառատոնը նպաստում է ջրային պաշարների խնայողությանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, որը ասաց, որ ջրային ռեսուրսների սպառման խնդրի բացահայտման համար ռեժիսորների նախընտրած ուղղությունները տարբեր են ` պարզ, մարդկային պատմություններից մինչև փոխաբերություն: Դերասան Միքայել Պողոսյանը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնեց այսպիսի մրցույթ կազմակերպելու համար, որտեղ պատիվ է ունեցել հանդես գալ ժյուրիի կազմում:
«Ֆիլմ + H20» մրցույթին հայ ռեժիսորների ներկայացրած աշխատանքներից ընտրվել էր ինը կարճամետրաժ ֆիլմ, որոնցից էլ ընտրվել էին առաջին, երկրորդ,և երրորդ տեղերի հաղթողները: Կինո-մրցույթի հաղթող ռեժիսոր ճանաչվեց Արեգ Կոզմոյանը, որը որպես գլխավոր մրցանակակիր կմեկնի Միացյալ Թագավորություն` մասնակցելու «Sheffield Doc/Fest 2013» ամենամյա փառատոնին : Բացի առաջին մրցանակակրից , հայ- բրիտանական հեղինակավոր ժյուրին ընտրել էր նաև երկրորդ և երրորդ տեղերի հաղթողներին: Երկրորդ տեղի մրցանակին արժանացավ Վահան Խաչատրյանը, որը որպես մրցանակ ստացավ տեսախցիկ: Իսկ երրորդ տեղի հաղթողներն էին Դավիթ Մարգարյանը և Տիգրան Թորոսյանը, որոնք էլ ստացան խրախուսական մրցանակներ:
Վարդուհի ԵՐԱՆՈՍՅԱՆ