Մինչ ասֆալտապատումը երեխաներն ընկնում էին, ոտք ու ձեռք վնասում
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան մասիվում գործող թիվ 81 մանկապարտեզի հետնամասում, որտեղով նույնպես երեխաներ էին գնում-գալիս մանկապարտեզ, ճանապարհը, տարիներ ի վեր, քարուքանդ վիճակում էր: Օրերս այդ հատվածը ասֆալտապատվել է եւ հարակից շենքերի մանուկներն անվնաս հասնում են մանկապարտեզ: Մինչ ասֆալտապատումը, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում իրենց դժգոհությունն էին ներկայացրել մանկապարտեզի սաների ծնողները, երեխաները ճանապարհին ընկնում էին՝ ոտք ու ձեռք վնասում, ծնողների խոսքերով` «Հարյուր անգամ դիմել ենք թաղապետարան, ոչ մի ձեւով չեն արձագանքել: Անգամ տարբեր ընտրություններին են անտեսել մանկապարտեզի տարածքի ասֆալտապատումը, որ այդ օրերին ամեն ծակ ու ծուկ թեկնածուները չէին թողնում ու ասֆալտապատում էին»:
Նշենք, որ մանկապարտեզից քիչ այն կողմ նաեւ դպրոց է գործում, եւ շատ աշակերտներ նույնպես այդ ճանապարհով են գնում-գալիս:
Ծնողները հույս ունեն, որ մանկապարտեզից ու դպրոցից քիչ այն կողմ գտնվող անբարեկարգ ֆուտբոլի դաշտը նույնպես կվերանորոգվի:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ