Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտորի 110-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Զեկուցելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ Արամ Խաչատրյանի հոբելյանի կապակցությամբ նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Մասնավորապես, ընթացիկ տարում կկազմակերպվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ, Երևանյան դասական երաժշտության միջազգային փառատոն, «ԽաչատրյանՖԵՍՏ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենան Արամ Խաչատրյանի երաժշտությամբ ֆիլմերի ցուցադրում:
Կբեմադրվեն «Գայանե» և «Սպարտակ» բալետները, մասնավորապես, «Սպարտակ» բալետի հոբելյանական ներկայացումը տեղի կունենա նաև Ստրասբուրգում:
Կկայանա «Խաչատրիանա» մոնո բալետային ներկայացման նոր բեմադրությունը կամ համերգային կատարումը, կանցկացվի Կամերային երաժշտության համերգաշար, կկազմակերպվի «Արամ Խաչատրյանը և արդիականությունը» թեմայով միջազգային գիտական կոնֆերանս:
Կարդացեք նաև
Նախատեսվում են Արամ Խաչատրյան տրիոյի համերգային շրջագայությունները Չինաստանում և ՌԴ-ում, «Հայկական կամերային երաժշտության փառատոն»-ն՝ ԱՄՆ-ում, ինչպես նաև Հայաստանի պետական կամերային երգչախմբի հյուրախաղերը Սանկտ-Պետերբուրգում:
Տեղի կունենան նաև Արամ Խաչատրյանի արխիվային նյութերի ցուցադրություններ, մեծանուն կոմպոզիտորին նվիրված ցերեկույթներ և այլ միջոցառումներ:
Նիստի ընթացքում ներկայացվել են նաև ողջ աշխարհում Արամ Խաչատրյանի արվեստի տարածմանը նպաստելուն ուղղված տարբեր առաջարկներ, որոնցից շատերն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ