Ոստիկանապետն առաջարկում է 0.11494 հեկտար մակերեսով հողատարածքը` շենքով ու շինություններով, անհատույց օգտագործման իրավունքով մինչեւ 2036 թվականի հունիսի 13-ը տրամադրել «Սեքյուրիթի Դրիմ»-ին:
Մարտի 28-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին որոշման նախագիծ է ներկայացնելու, որտեղ առաջարկում է ոստիկանության հաշվեկշռում գտնվող 0.11494 հեկտար մակերեսով հողատարածքը` շենքով ու շինություններով, անհատույց օգտագործման իրավունքով մինչեւ 2036 թվականի հունիսի 13-ը տրամադրել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից:
Պարոն Գասպարյանը պետության գույքը անհատույց ՍՊԸ-ին տրամադրելը հիմնավորել է Ճանապարհային ոստիկանության հետ այս ընկերության կնքած պայմանագրի պահանջները կատարելու անհրաժեշտությամբ: Ըստ ոստիկանապետի, ներկայումս, «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը հատկացված տարածքը չի բավարարում պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու համար.
«Արագաչափ սարքերի եւ տեսախցիկների քանակի ավելացմանը զուգահեռ ավելանում են նաեւ խախտումների արձանագրման կենտրոնում տեղադրված մոնիտորների քանակը եւ հայտնաբերված իրավախախտումները մշակող օպերատորների թիվը»,-ասված է որոշման նախագծում: Այն, կառավարության հավանությանն արժանանալու դեպքում, ըստ ոստիկանության պատասխանատուի, հնարավորություն կընձեռնի «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը արագաչափ սարքերի եւ տեսախցիկների քանակի ավելացմանը զուգահեռ անհրաժեշտ քանակությամբ ավելացնել նաեւ խախտումների արձանագրման կենտրոնում տեղադրված մոնիտորների քանակն ու հայտնաբերված իրավախախտումները մշակող օպերատորների թիվը:
Նշենք, որ նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ