Սեւանի ափամերձ շինությունների մի մասն այս տարի ջրածածկ կլինի:
Այս տարի Սեւանա լճի ափամերձ 177 կառույցներ հնարավոր է ջրածածկ լինեն՝ ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով: Այս մասին
այսօր «Նովոստի-Արմենիա» ակումբում ասաց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նրա խոսքերով` մինչ տարեվերջ 528 շենք-շինություններ կապամոնտաժվեն, իսկ 451-ն արդեն ապամոնտաժված են:
Ներկայումս Սեւանա լճի մակարդակը 1900 մետր 18 սմ է, ըստ պարոն Մովսիսյանի, սա 4սմ-ով ցածր է անցյալ տարվանից եւ նախատեսված է մինչեւ 2030 թվականը բարձրացնել 1903 մետր 50սմ-ի:
Լրագրողների այն հարցին, թե Սեւանի ափամերձ գոտում կառուցված շինություններն օրինակա՞ն են եւ արդյոք ջրի մակարդակը ավելին չի բարձրացվում, որպեսզի այդ շինությունները ջրի տակ չանցնեն, պարոն Մովսիսյանը վստահեցրեց, որ դրանք ապօրինի են, ըստ խորհրդային տարիների օրենքի. «1905 մետր նիշից ներքեւ Սեւանի ավազանում կային 4717 շենք-շինություններ, յուրաքանչյուրի տեղն էլ գիտենք, բարձրությունն էլ գիտենք, տիրոջն էլ գիտենք: Դրանց ընդհանուր առմամբ օրենքով եթե մոտենանք` ապօրինի են, ինչո՞ւ, որովհետեւ դեռեւս 1987 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել 1908 մետր նիշից ներքեւ կապիտալ շինություններ չտեղադրել, այդ օրենքի ասպեկտից նայելու դեպքում, այդ բոլորը խախտումներով են»:
Ըստ պարոն Մովսիսյանի, Սեւանի ափամերձ շրջանում 4717 շինություն կա, որից 27%-ն են քարե շենքեր: Հանձնաժողովի նախագահը նաեւ վստահեցրեց, որ ոչինչ չի խանգարում լճի մակարդակն ավելի բարձրացնել, պարզապես ներկայումս 6 տարով ռեժիմից ավելի են:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ