Մարտի 27-ին ամբողջ աշխարհը նշում է Թատրոնի միջազգային օրը: Տոնը հռչակվել է 1961թ. Վիեննայում, ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ համագումարի ժամանակ: Այն նշվում է 1962 թվականից սկսած: Առաջին անգամ այս տոնը նշվել է Ֆրանսիայում, ապա տարածվել այլ երկրներում:
Թատրոնի միջազգային օրը աշխարհի տարբեր թատրոններ հանդես են գալիս նոր ներկայացումներով, պրեմիերաներով՝ ուրախացնելով ու հաճույք պատճառելով թատերասերներին: Իսկ ինչպե՞ս են պատրաստվում նշել իրենց տոնը թատրոնի երիտասարդ դերասանները, պարզել է «Առավոտ երիտասարդականը»:
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը տոնը սկսել է նշել ներկայացման փորձով՝ առավոտյան ժամը 11-ից. «Առայժմ սեղանի շուրջ են ընթանում փորձերը, ինչը ես շատ եմ սիրում, քանի որ հենց այդ ժամանակ է կերպարը միս ու արյուն ստանում», – ասաց նա: Հարցին, թե ի՞նչ խնդիրներ ունի թատրոնն այսօր, դերասանը պատասխանեց. «Խնդիրները շատ են, դրանցից մեկն էլ թատրոնի դերասանի աշխատավարձն է. ցավալի է, որ վաստակավոր դերասանը (անուն չնշեմ) ուզում է քիչ զբաղվածություն ունենա թատրոնում, որ կարողանա գումար վաստակել այլ աշխատանքով: Մեր թատրոնն ունի նաև բեմի լուսավորության խնդիր, թեև արդեն խոստացել են խնդրին լուծում տալ – նշեց Մանվելն ու ավելացրեց, – մի խոսքով, խնդիրները շատ են, տոները քիչ. շնորհավոր բոլորիս տոնը»:
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի և Հ. Մալյանի անվան թատրոնի դերասան Վահագն Գասպարյանն էլ այսօր ներկա է գտնվելու «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը. «Տոնը կհասցնեմ նշել, բայց նախ պետք է ներկա գտնվեմ մրցանակաբաշխությանը, որտեղ ընդգրկված եմ «Տարվա լավագույն երիտասարդ դերասան» նոմինացիայում», – ասաց Վահագնը:
Հ. Մալյանի անվան թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը ևս ներկա է լինելու «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, ասում է, տոնը կնշի մրցանակաբաշխությունից հետո՝ գործընկերների հետ միասին: Անդրադառնալով թատրոնի ունեցած խնդիրներին` դերասանն ասաց. «Գլխավոր խնդիրն այն է, որ չունի պետական հովանավորչություն, տպավորությունն այնպիսին է, թե մեզ թատրոն պետք չի»: Դերասանի համոզմամբ, ուշադրություն գրեթե չեն դարձնում. «Այդպես թատրոն չի լինում», – հավելեց նա:
«Օրն արդեն իսկ տոն է, կապ չունի նշվում է այն, թե` ոչ», – ասաց Երևանի պետական կամերային թատրոնի դերասանուհի և Խամաճիկների պետական թատրոնի ռեժիսոր-բեմադրիչ Լիլի Էլբակյանը: Այնուամենայնիվ, ինչպես շատ դերասաններ ու թատերական գործիչներ, նա ևս «Արտավազդ» մրցանակաբաշխությանն է հրավիրված, ինչը արդեն իսկ համարում է՝ տոնը նշել: Որպես թատրոնի խնդիր, Լիլին կարևորագույնը համարեց հանդիսատեսին թատրոն բերելը. «Այսօր տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ ցանկացած ներկայացում կարելի է ինտերնետով դիտել, հետաքրքրությունը պակասել է թատրոնի հանդեպ», – նշեց դերասանուհին:
Տիգրանուհի Թասլակյան