Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարությանը թույլ մի տվեք մոտենալ փորձաքննությանը

Մարտ 27,2013 16:19

ԷկոԼուր

Համահայկական Բնապահպանական Ճակատը տարածել է բաց նամակ տարածել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հ. Հովսեփյանի, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի, ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանի, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Ի. Զաքարյանի անուննեորվ: Նամակում ասված է. «Վերջապես դուք աշխատելու եք, ինչի համար ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով ստեղծված եք և լիազորված, թե՞ ոչ: Արդեն գաղտնիք չէ, որ մեր կողմից ներկայացվող ոլորտը գտնվում է բարձիթողի վիճակում, և ամեն ինչ կատարվում է ձեր լուռ համաձայնությամբ ու թողտվությամբ, բայց, ցավոք, արդյունքում տուժում են ժողովուրդն ու հայրենի բնությունը:

Ներքոհիշյալ մեկ խնդիրը ներկայացնելիս, պետք է նշենք, որ խոսքը վերաբերում է  բազմաթիվ փոքր ՀԷԿ-երին, որոնք ՀՀ գործող օրենսդրության պահանջների բացահայտ խախտումներով կամ կառուցվում են, կամ շահագործվում:

Միայն վերջին մեկ և կես տարում մեր կողմից ուսումնասիրված նախագծերում կամ արդեն շահագործվող փոքր ՀԷԿ-երում («Թռկան», «Հերհեր», «Չիչխան», «Խաչաղբյուր-1», «Խաչաղբյուր-2», «Գնդեվանք», «Մարցիգետ-1», «Մարցիգետ-2» և այլն) հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, ոչ ստույգ և իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որոնց հետևանքով զգալի վնաս է հասցվել շրջակա միջավայրին: Սակայն մենք տեսնում ենք, որ սայլը տեղից չի շարժվում և պետական լիազոր մարմիններն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում այս ոլորտն ուսումնասիրելու, բարեփոխելու ուղղությամբ:

2013թ. մարտի 12-ին ՀՀ Լոռու մարզի Մարցի համայնքապետարանի վարչական շենքում տեղի ունեցան «Մարցէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հանրային լսումները (https://www.youtube.com/watch?v=pcXdFEUfc5g): Այս լսումների ընթացքում պարզվեց, որ «Մարցէներջի» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն է հանդիսանում Լիպարիտ Սիմոնյանը, ով միաժամանակ հանդիսանում է նաև «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ի տնօրեն և հիմնադիր:

Սա ուշագրավ է նրանով, որ «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ն արդեն շահագործում է թվով երեք փոքր ՀԷԿ-եր, որոնցից մեկը՝ «Չիչխան» փոքր ՀԷԿ-ն է, որի շահագործման վերաբերյալ ՀՀ բնապահպանական տեսչությունը, մեր տեսանյութի (https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=YlCaipxld-c) հիման վրա, 2012թ. անցկացրել է ստուգում և որոշել «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ի տնօրեն Լ. Սիմոնյանին ենթարկել վարչական պատասխանատվության: Սույն որոշմամբ «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ի տնօրեն Լ. Սիմոնյանին տրվել է պարտադիր կատարման հանձնարարական, սահմանվել ողջամիտ ժամկետ առկա բոլոր թերությունների և բնապահպանական ոլորտի խախտումները վերացնելու համար:

Այժմ, այս օրինախախտ գործարարը նախատեսում է փոքր ՀԷԿ կառուցել Մարց գետի վրա՝ մոռանալով Չիչխան գետն իր կողմից չորացնելու և դրա համար վարչական պատասխանատվության ենթարկվելու փաստի մասին: Հանրային լսումների ժամանակ էլ Մարց համայնքի բնակիչներին հորդորում է, որ իրեն չհամեմատեն ուրիշ փոքր ՀԷԿ-երի սեփականատերերի հետ, ովքեր ջրազրկում են գետերը, և որ ինքը շատ պարտաճանաչ տնտեսվարող սուբյեկտ է:

Բայց այնուամենայնիվ, մեր հանրության իրավագիտակցությունն այնքան է բարձրացել, որ ցանկացած հանրային լսումների ժամանակ կարող են հիմնավորել իրենց դեմ կամ կողմ լինելը: Սույն հանրային լսումների ժամանակ ներկա գտնվող բնակիչները դեմ արտահայտվեցին սույն փոքր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ նախագծին, ինչը ստորև ներկայացված մեր դիտարկումների հետ միասին, լիովին հիմք կարող են հանդիսանալ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» (ՇՄԱՓ) ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն որոշում կայացնելու` բնապահպանական փորձաքննություն չիրականացման և նախագիծն ընկերությանը վերադարձնելու մասին:

Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը ներկայացնում ենք մեր դիտարկումները ՀՀ բնապահապանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ, որոնք փաստում են դրանց մեջ եղած բազմաթիվ թերությունները և ՇՄԱՓ օրենքի պահանջներին համապատասխան փորձաքննություն ացկացնելու անհնարինությունն ու անթույլատրելիությունը.

  1. Հատոր 1-ի 10-րդ էջում նշված է՝ «Շինարարության ժամանակ ծառահատումների անհրաժեշտություն չկա, քանի որ ՓՀԷԿ-ի շենքի, ջրընդունիչի և դերիվացիոն խողովակաշարի տարածքում ծառեր և թփուտներ չկան»: Սակայն միևնույն ժամանակ Հատոր 5-ի 17-րդ էջում նշված են լրիվ այլ տվյալներ՝ «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի համար նախատեսվող տարածքի բնական բուսածածկի տիպը անտառային է»:
  2. Հատոր 1-ի 15-րդ էջում նշված է՝ «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման աշխարհագրական տարածքը, Թալինի ջրանցքի երկրորդ հերթի թողունակությունը և առկա ազատ հոսքը, տեղանքի բնական թեքությունը, մոտակայքում գոյություն ունեցող ավտոճանապարհները, նպաստավոր պայմաններ են ստեղծում ՓՀԷԿ-ի կառուցման համար»: Պարզվում է որ «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ը կառուցվելու է Թալինի ջրանցքի վրա, այլ ոչ թե Մարց գետի: Այս փաստը  մեզ իրավունք է տալիս արձանագրելու, որ նշյալ նախագիծն արտագրված է այլ նախագծից և փաստացի տեղադիրքի ու այլ ուսումնասիրություններ ըստ էության և առհասարակ չեն կատարվել:
  3. Հատոր 1-ի 12-րդ էջում նշված է, որ դրվածքային հզորությունը կազմում է 1.6 մՎտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կազմելու է 5.565 մլն. կՎտ/ժամ, իսկ Հատոր 5-ի 22 էջում՝ լրիվ այլ տվյալներ են նշված` 1.89 մՎտ և 8.59 մլն. կՎտ/ժամ: Չեն համապատասխանում նաև շինարարության ժամկետների տվյալները (12 ամիս և 36 ամիս):
  4. Հատոր 5-ում նշված է, որ այդ տարածքում կան ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսեր[1] և կենդանիներ[2], սակայն ըստ էության գնահատված չէ դրանց վրա ազդեցությունը, այլ նշված են միայն ընդհանուր տեղեկություններ:
  5. Նախագծում նկարագրված չէ նաև լանդշաֆտի և երկրաձևաբանական կառույցների      վրա    հնարավոր ուղղակի և անուղղակի ազդեցությունը` մասնավորապես մոտ 5 կմ երկարությամբ ճնշումնային խողովակաշարի ացկացման ժամանակ, որի ուղեգիծը պետք է լինի մանրամասն քարտեզագրված և նկարագրված:
  6. Նախագծով նախատեսվում է Մարց գետում թողնել 0,1 խոր.մ/վրկ սանիտարական թողք, սակայն գնահատված չէ էկոհամակարգային ծառայությունների արժեքը՝ համաձայն Կենսաբազմազանության կոնվենցիայի շրջանակներում գործող նոր մոտեցման: Պարզ չէ, թե այդ դեպքում ի՞նչ տեղի կունենա Մարց գետի ձկնային ռեսուրսների և էկոհամակարգի հետ, ո՞վ և ի՞նչ չափորոշիչներով պետք է հաշվարկի և փոխհատուցի հասցվող երկարաժամկետ վնասը: Այս մասին խոսք անգամ չկա նախագծում:
  7. Բացի այդ նախագծում նկարագրված չէ բնակչության բարեկեցության վրա ազդեցությունը, որը չի կարող դրական լինել, հաշվի առնելով միայն այն փաստը, որ տեղի բնակիչները փաստացի զրկվելու են ոռոգման ջրից և գետի էկոհամակարգային այլ ծառայություններից օգտվելու հնարավորությունից:
  8. Նախագծում բացակայում են այլընտրանքային լուծումները, այդ թվում` զրոյական գործողության այլընտրանք (նախատեսվող գործունեության բացառում), դրանց համեմատական վերլուծություն և առավել ընդունելի տարբերակի ընտրություն:
  9. Բացակայում է նախատեսվող գործունեության բնապահպանական վնասակար ազդեցության պատճառով ընտրված զրոյական տարբերակի դեպքում տնտեսական և սոցիալական զարգացման, շրջակա միջավայրի վրա ազդեցության հետևանքների մանրակրկիտ գնահատումը:

Մեր կողմից ներկայացվել են «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծային փաստաթղթերում առկա և մեր կողմից հայտնաբերված թերությունները, սակայն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը բազմաթիվ անգամներ նմանատիպ բովանդակությամբ նախագծերին տրամադրել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություններ (վերջին ամենաթարմ դեպքը «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծի հետ էր կապված), հետևաբար դիմում ենք ձեզ և առաջարկում հետամուտ լինել, որպեսզի այս և նման այլ նախագծերը չհասնեն ՀՀ բնապահպանության նախարարություն և չհաստատվեն նրա կողմից: Մենք արդեն համոզված ենք, որ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի բիզնեսը թաթախված է կոռուպցիայի մեջ, որոնք սնկերի նման, այն էլ բնության հաշվին, աճում են Հայաստանի ամեն մի ջրային ռեսուրսի վրա:

Միևնույն ժամանակ, սույնով առաջարկում ենք նաև, ստուգումներ իրականացնել և պարզել, թե ինչ ձևաչափով ու չափորոշիչներով են փոքր ՀԷԿ-երի կառուցողներին տրվում ջրօգտագործման թույլտվություններ, լիցենզիաներ և դրական եզրակացություններ, պատասխանատվության կանչել այն պաշտոնատար անձանց ու փորձագետներին, ովքեր բացահայտ թերություններով ու հակասություններով լի նախագծերին տրամադրել և շարունակում են տրամադրել լիցենզիաներ և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություններ:

Թող սպառնալիք չհնչի, բայց եթե «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման թերի ու անորակ նախագծին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրվի բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն, ապա դրա համար պատասխանատվություն եք կրելու նաև դուք:

Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031