Այս շաբաթ լրանում է տաս ամիսը, ինչ «Սիվիլիթասի» նկատմամբ ԱԱԾ-ն հետաքննություն է սկսել: Այսօր այդ առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն ասաց, որ վերջին մեկուկես ամսում կրկին աշխուժացել են հարցաքննությունները: Ստուգվել են անգամ ավտոլվացման, վառելանյութի, օրապահիկ ստացողների կտրոնները եւ այլն: Հիմնադրամի հաշվապահական ընկերությունը հայց է ստացել ԱԱԾ-ից`հիմնադրամի կողմից քառասունից ավել ծարգրերի վրաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար` անկախ այդ ծրագրերի ծավալից:
Ինչպես նախկինում, այժմ էլ, տիկին Ղազարյանը պնդում է, որ սա քաղաքական գործընթաց է: «Մենք հավատում ենք, որ այն, ինչ անում ենք, կարեւոր է Հայաստանի համար`անկախ ամեն խոչընդոտներից»,- ասաց Սալբի Ղազարյանը`հավելելով, որ շարունակելու են իրենց գործունեությունը, քանի որ. «Մեր եւ մեր նմանների աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանը միջազգային հաշվետվություններում Ադրբեջանից բարձր է»:
Տիկին Ղազարյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե այս աշխուժացումը որքանով է կապված Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների հետ: Ասաց`«Իրենց հարցրեք»:
Վերջին մեկուկես ամսում հիմնադրամն առնվազն հիսուն տարբեր ծանուցագրեր եւ ծանուցումներ է ստացել ԱԱԾ-ից: Տիկին Սալբին դեմ չէ իրենց աշխատանքի թափանցիկության համար, առավել եվս, որ թաքցնելու բան էլ չունեն, սակայն վիրավորված է, որ այդ ամենը կատարվում է «ինչ-որ ոճիր գործելու հովանու ներքո» ու դա «մեղք է» համարում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ