Վերջերս լիբանանահայ հասարակական գործիչ, «Մասիս» ամսագրի խմբագիր եւ պատասխանատու տնօրեն Սարգիս Անմահունի Նաջարյանն արժանացել է Հռոմի Եկեղեցու բարձր պարգեւին՝ Մեծն Սուրբ Գրիգոր Ասպետի քահանայական կարգի շքանշանին։ Այդ առթիվ Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ-Սբ Եղիա եկեղեցում կայացած հանդիսության ժամանակ պարգեւը հանձնել է Ամենապատիվ եւ գերերջանիկ Տ. Տ. Ներսես Պետրոս ԺԹ Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարքը, բարձր գնահատելով Ս. Նաջարյանի լրագրողական ու հասարակական գործունեությունը, նշելով, որ «քրիստոնեական եւ ազգային արժեքներով զրահված հավատարիմ մտավորականը եղել է հայ մշակույթի ու հայ մտքի պաշտպանը թե լիբանանահայ իրականության մեջ, թե Մայր հայրենիքում, ինչպես նաեւ Սփյուռքի զանազան գաղութներում»։
Շքանշանի հանդիսավոր տվչության արարողությանը ներկա են եղել եկեղեցական ու քաղաքական բարձրաստիճան անձնավորություններ, բարեսիրական հաստատությունների եւ մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մամուլի աշխատողներ։
Ս. Նաջարյանին ողջունողների թվում է եղել իր զավակը՝ տնտեսագետ Միհրան Նաջարյանը, ով շնորհակալություն է հայտնել իր հորը պարգեւատրելու առթիվ։
«Շքանշանը պարտավորեցնում է ավելի մեծ հանձնառությամբ շարունակելու այն, ինչ որ եղել եմ ու անել այն, ինչ որ արել եմ մինչեւ այժմ, շարունակելու ոչ թե պարգեւատրվելու ակնկալությամբ, այլ եկեղեցասեր հայ համեստ մարդուց ակնկալված ազգային պարտականությունը կատարած լինելու գիտակցությամբ եւ, ինչու չէ, նաեւ շրջապատիս օրինակ լինելու հույսով», դիմելով ներկաներին՝ ասել է շքանշանակիրը։
Մեծն Սուրբ Գրիգորի Ասպետի քահանայական կարգը Սուրբ Աթոռի հնագույն կարգերից է, որը հաստատվել է 1831 թվականի սեպտեմբերի 1-ին, Հայ Կաթողիկե Եկեղեցու մեծ բարերար երջանկահիշատակ Գրիգոր ԺԶ Սրբազան Քահանայապետի կողմից։
Սարգիս Նաջարյանը անցած աշնանը Բեյրութում նշել է իր լրագրական գործունեության կես դարը, որը մասամբ ամփոփված է նրա 2010 թվականին լույս տեսած «Դեմ առ դեմ» ստվար հատորում. դա հայրենիքում եւ սփյուռքում ունեցած ուշագրավ հանդիպումների նկարագրութրունների մի մասն է։
1957-2003 թվականներին պաշտոնավարել է Բեյրութում լույս տեսնող «Արարատ» օրաթերթի խմբագրությունում, 1970-ից աշխատակցել «Մասիս» ամսագրին, որի խմբագիրն ու պատասխանատու տնօրենն է ներկայումս։
1971 թվականին առաջին անգամ այցելելով հայրենիք, սերտ կապեր է հաստատել հայրենի մտավորականների հետ, դառնալով նաեւ անդամը Հայաստանի ժուռնալիստների միության եւ պատվավոր պրոֆեսորը Երեւանի Հյուսիսային համալսարանի։
ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ