Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու չփակել մասնավոր բուհերը

Մարտ 27,2013 15:08

Շուրջ մեկ տասնամյակ անընդհատ ընդգծում ու ներկայացնում ենք Բոլոնիայի համակարգին ինտեգրման կարեւորությունը, նույնիսկ Երեւանը հռչակում 2015թ. Բոլոնիայի գործընթացի մայրաքաղաք, սակայն դրան զուգահեռ` դանդաղ ենք գնում մասնագիտական կրթության բարեփոխումների: Եվ ստեղծված իրավիճակում, որպեսզի ցույց տանք, թե այս առումով որոշակի մտահոգություններ ունենք, քավության նոխազի թիրախ ենք ընտրում մասնավոր բուհերին: Վերջին տարիներին այս կազմակերպությունների գործունեությունը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դրդապատճառներով այնպիսի շրջանակի մեջ դրվեց, որ դրանցից շատերը կամ փակվեցին, կամ էլ գտնվում են գործունեության դադարեցման նախաշեմին:

Մասնավոր բուհերի փակման հիմնական մոտիվացիան կրթության ցածր որակն է եւ պետական բուհերի նկատմամբ կրթական ծառայություններ մատուցող ռեսուրսների ոչ մրցակցային վիճակը: Սակայն ինքս դրա հետ համաձայն չեմ, քանի որ մասնավոր բուհերում հիմնականում դասավանդում են պետական համալսարանների կրթական ծրագրերով, եւ ավելին` հենց այն պրոֆեսորադասախոսական կազմով, որոնք աշխատում են պետական բուհերում: Բերվում են նաեւ փաստարկներ, որ մասնավոր բուհերում կրթավճարները ցածր են եւ դրանցով հնարավոր չէ ապահովել որակյալ կրթական ծառայությունների մատուցում, որը նույնպես համոզիչ չէ: Մասնավոր բուհերը, ի տարբերություն պետական համալսարանների, ձգտում են ձերբազատվել անարդյունավետ վարչական կառույցներից ու ստորաբաժանումներից, որոնց պահպանման վրա պետական բուհերը հսկայական միջոցներ են վատնում՝ ի հաշիվ բարձր կրթավճարների:

Ի վերջո, արդարացվա՞ծ է, արդյոք, մասնավոր բուհերի նկատմամբ ձեւավորված վերաբերմունքը: Կարծում եմ՝ ոչ: Մասնավոր բուհերը լուրջ դերակատարում ունեցան եւ հիմա էլ ունեն գործազրկության իրավիճակում երիտասարդներին փողոցից կտրելու եւ գոնե չորս տարով համալսարանական միջավայր ուղղորդելու հարցում: Բացի այդ, շուրջ քսան տարի այնտեղ սովորել են սոցիալապես անապահով ընտանիքից երեխաներ, որոնք ի վիճակի չեն եղել բարձր ուսման վարձեր վճարելու եւ կարծում եմ, որ հիմա տեղին չէ նրանց զրկելու ուսման հնարավորությունից` ընդունելության քննությունների համար թանկարժեք կրկնուսույցներին դիմելու անհնարինության կամ բարձր ուսանողական կրթավճարների անկարողության պատճառով: Եկեք նաեւ չմոռանանք, որ մասնավոր բուհերը միշտ էլ հանդես են եկել պարտաճանաչ հարկատուներ, որոշակիորեն լուծել են պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատանքային զբաղվածության խնդիրներ, ասել է թե՝ լուծել են մեր առջեւ ծառացած հանրային հիմնախնդիրներ:

Ուրեմն ինչու ենք մասնավոր բուհերի փակման պայմաններ ստեղծում: Չէ՞ որ դրանք ձեւավորվել են անկախացման դժվար ու ծանր տարիներին եւ հիմա էլ մեր իրականությունում զգալի դերակատարում ունեն մարդկային կապիտալի ձեւավորման գործընթացում: Եթե որոշակիորեն թերահավատություն է ձեւավորվել այդ կառույցների գործունեության նկատմամբ, ապա այն կարելի է հաղթահարել ոչ թե քանդելու կամ եղածը ոչնչացնելու ճանապարհով, որին, ի դեպ, շատ հեշտությամբ դիմում ենք հենց անկախացման տարիներից, այլ փոխհամագործակցության ուղիներ որոնելով: Այսպես, միջազգային փորձը ցույց է տալիս, որ խոշոր բուհերը համագործակցելով փոքրաթիվ ուսանողությամբ համալսարանների հետ եւ վերջիններիս հետ կազմելով ակադեմիական կոնսորցիումներ, արդյունքում ձեւավորում են փոխշահավետ համագործակցություն: Մի կողմից խոշոր համալսարանները բեռնաթափվում են ոչ մասնագիտական առարկաների դասավանդումից եւ այդ առաքելությունը դնելով փոքր բուհերի վրա` այնտեղից ընդունում են ակադեմիական կրեդիտներ: Մյուս կողմից՝ փոքրաթիվ ուսանողությամբ բուհերը ակադեմիական կրեդիտներ մատակարարելով խոշորներին, վերջիններիս կողմից վերահսկվում եւ աջակցություն են ստանում` լուրջ ուշադրություն դարձնելով կրթության որակի ապահովման վրա: Դրանով իսկ ձեւավորվում է որակի ապահովման մշակույթ, որն այդքան կարեւորվում է Բոլոնիայի գործընթացի կողմից եւ, ցավոք, այդ ուղղությամբ մեր իրականությունում շատ բան չի արվում: Ի դեպ, նման ուղի արդեն իսկ որդեգրել է մեր հարեւան Վրաստանը, որտեղ մասնավոր բուհերը ոչ թե փակվում են, այլ դառնում են պետական համալսարանների արբանյակներ:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031