Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք թատրոն փակող չենք»

Մարտ 27,2013 15:02

Հայտարարում է մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետը

Թատրոն երեւույթը ինքը տոն է, սակայն կա մի օր, որը 1961 թվականից հռչակվել է Թատրոնի օր, նշվում է ողջ աշխարհում՝ հայտարարելով հավատարմություն հումանիզմին եւ մարդկային բոլոր արժեքներին: Ինչո՞վ է նշանավորվում մեզանում թատրոնի տոնը: Այս թեմայով «Առավոտը» զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանի հետ, որը ընկալվում է իբրեւ հայաստանյան թատերարվեստի գծով փորձագետ:

Վարդան Գրիգորյանը հայտնեց, որ մեզանում Թատրոնի միջազգային օրը թատերարվեստի գործիչները եւ թատերասեր հանրությունը նշանավորում են ավանդական դարձած թատերական լուրջ մրցանակաբաշխությամբ՝ «Արտավազդով»: «Մրցանակաբաշխությունը լավագույն ձեւն է ամփոփելու տարվա թատերական ձեռքբերումները ու այդպիսով օրը դարձնել հիշարժան: Որպես մասնագիտական տոն, «Արտավազդը» արժանանում է պետական ուշադրության: Այդ օրը գերիշխողը ոչ միայն թատերարվեստի գործիչներ են, այլեւ թատրոններում ծառայություն մատուցող այլ մասնագետները, այդ թվում՝ բեմի եւ զգեստների նկարիչները, երաժշտական ձեւավորողները, հնչյունային օպերատորները, դիմահարդարները, բուտաֆորիստները եւ այլն: Ավանդույթ է նաեւ ԱԺ նախագահի կամ պետական այլ այրերի կողմից պարգեւների հանձնումն արվեստագետներին: Նշեմ նաեւ՝ տոնական այդ օրը ուշադրության կենտրոնում են հայտնվում ոչ միայն անվանիները, այլեւ երիտասարդ արվեստագետները: Վերջիններիս համար սա իսկապես քաջալերելու եւս մի առիթ է»,- հայտնեց պարոն Գրիգորյանը: Ռեպլիկին, թե՝ ցանկացած տոնական օր նաեւ անդրադարձ է չիրականացված կամ թերի կատարված աշխատանքներին, մեր զրուցակիցը նշեց, որ, իհարկե, թատերարվեստում կան, իր խոսքերով՝ անհարթություններ, սակայն ինքը սկզբունքորեն դեմ է տոնական օրը դրանք բարձրաձայնելուն մի նպատակով՝ որ տոնը չմթագնի:

Աշխարհի զարգացած ու քաղաքակիրթ երկրներում պետական թատրոնների թիվը հաշվվում է մեկ ձեռքի մատներով, օրինակ՝ ԱՄՆ-ում գործում է ընդամենը երկու պետական, այն էլ օպերային թատրոններ՝ «Մետրոպոլիտեն» եւ «Չիկագո», Մեծ Բրիտանիայում՝ «Մեմորեալը», Ֆրանսիայում՝ «Կոմեդի Ֆրանսեզը» եւ այլն: Հարցին՝ Հայաստանում 16 պետական թատրոնը շատ չէ՞, գոնե հենց ֆինանսական առումով, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Հայաստանը նախկին խորհրդային երկրներից թերեւս միակն է, որտեղ գործում են թատերարվեստի բոլոր ժանրերի գծով պետական թատրոններ: Այսինքն՝ ապահովված են ամենատարբեր նախասիրությունների տեր հանդիսատեսի պահանջները: Օրինակ, առաջին հայացքից տիկնիկային եւ խամաճիկների թատրոնները նման են, բայց միեւնույն ժամանակ՝ այնքա՜ն տարբեր: Մենք թատրոն փակող չենք, եւ հիշենք՝ ժամանակին հայոց թագավորներն իրենք էին խաղում բեմադրություններում»:

Հետաքրքրվեցինք նաեւ մշտապես շրջանառվող պետական թատրոնների խաղացանկը հայ դասականների, ինչպես նաեւ ժամանակակից դրամատուրգների գործերով նվազ համալրելու փաստով: «Իրավական տեսակետից թատրոնները ՊՈԱԿ-են, խաղացանկի հետ կապված ցանկացած հարց որոշում է գեղարվեստական խորհուրդը, գլխավոր ռեժիսորը, իսկ դրա հաստատողը տնօրենն է: Մենք չենք կարող միջամտել այդ ընթացքին: Նախարարությունում անցկացնում ենք քննարկումներ հենց խաղացանկի մասին, բայց ոչ երբեք պարտադրում: Ինչ վերաբերում է դասականների կամ ժամանակակից դրամատուրգների աշխատանքները բեմ բարձրացնելուն, կա պետական մոտեցում, այն է՝ նախ ազգային դասական ու հայ ժամանակակից, հետո՝ համաշխարհային դասական եւ ժամանակակից, երիտասարդ հեղինակներ, եւ, իհարկե, միջոցառումներ՝ նվիրված հոբելյաններին»,- տեղեկացրեց պարոն Գրիգորյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031