Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ հաշվին է թոշակ ու աշխատավարձ բարձրացնում Սերժ Սարգսյանը

Մարտ 27,2013 14:52

Օրերս  լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների, մասնավորապես՝ թոշակի ու աշխատավարձի բարձրացման մասին հնչեցրած հայտարարությունը տարակուսանք է առաջացրել մտավորականների շրջանում: «Առավոտ»-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը հարց բարձրացրեց, թե ո՞ւմ հաշվին է Սերժ Սարգսյանը հունիս ամսից շեշտակի բարձրացումներ կատարելու, երբ 2013 թվականի պետական բյուջեն արդեն հաստատված է, ու ընթացիկ որեւէ բարձրացում նախատեսված չէ:

Հիշեցնենք, որ նախագահն իր հանրահայտ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց նաեւ, որ բարձրացումների մասին դիտավորյալ չի խոսել նախընտրական շրջանում, որպեզի այն չընկալվի ընտրակաշառք: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այս խոստմանը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց. «Աշխարհի ոչ մի երկրում նախընտրական ծրագրի ժամանակ հնչեցրած դրույթները չեն կարող դիտվել որպես կաշառք: Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր քարոզարշավի ժամանակ հայտարարում է, որ միջին խավի համար համապատասխանաբար պետք է իջնեն հարկերի մի քանի տեսակներ, դա ի՞նչ է՝ կաշա՞ռք է: Եթե էդպես վերցնենք, մարդկային հարաբերություններում եթե մեկը մյուսին որեւէ բան է խոստանում, կաշա՞ռք պետք է դիտել: Ո՞նց կարելի է նախընտրական քարոզարշավի ժամանակ չհայտարարել որեւէ ծրագրի մասին եւ ասել՝ դա կոռուպցիա կդիտարկվի. ես դա չեմ պատկերացնում: Հայաստանի նման ապահով երկրում, որտեղ քաղաքական գործընթացները միշտ բուռն են ընթացել, չի կարելի ասել, որ որեւիցե քարոզչություն կամ որեւէ ծրագրի ներկայացում անբարոյականություն է կամ կոռուպցիոն երեւույթներ է իր մեջ պարունակում»: Իսկ ինչպե՞ս կմեկնաբանի քաղաքագետը այն փաստը, որ Սերժ Սարգսյանը իր նախընտրական խոստումը բարձրաձայնում է ընտրություններից հետո: «Մենք գալիս ենք այն եզրակացության, որ նախագահն ընտրություններից հետո շատ լավ հասկացավ, որ իրեն ենթարկվող կառավարության գործունեությունը մեծամասամբ քաղաքաբնակների կողմից գնահատվում է անբավարար: Ես մեկ անգամ նշել եմ ու եւս մեկ անգամ կասեմ՝ ՀՀԿ-ի գլխավորած կառավարությունը 5 տարիների ընթացքում բացարձակ ոչ մի դրական քայլ չի կատարել ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար: Հենց իրենց դիմում ես, նույն րոպեին ասում են՝ տնտեսական ճգնաժամ է, մինչդեռ նույն տնտեսական ճգնաժամի ընթացքում համարյա թե բոլոր ԱՊՀ երկրներում տեղի է ունեցել թե աշխատավարձերի,  թե թոշակների եւ թե նպաստների բարձրացում: Մենք շատ ենք սիրում համեմատվել Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Վրաստանի հետ. բոլոր երկրներում էլ բարձրացում եղել է: ՀՀ-ում 5 տարվա ընթացքում 1 անգամ 2500 դրամով բարձրացվեց թոշակը, 1 անգամ էլ նույն գումարի սահմանում՝ աշխատավարձը, վերջ: Երկիր, որտեղ պաշտոնապես բնակչության 35-38 տոկոսը աղքատության շեմին է կամ շեմն անցած է, իսկ ոչ պաշտոնապես՝ 50 տոկոսն է աղքատ, հայտարարել, որ մենք չենք ուզում մեր գործերը փառաբանել աջ եւ ձախ, ես գտնում եմ, որ դա մի քիչ իրականությանը չի համապատասխանում»,- ասում է Գագիկ Համբարյանը:

Ըստ քաղաքագետի՝ նախագահական ընտրություններից հետո նախագահը, հասկանալով այն վտանգը, որ կարող է սոցիալական շատ մեծ պայթյուն տեղի ունենալ, որոշել է շատ կոնկրետ քայլերի դիմել ու ուշադրություն դարձնել ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակին:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031