Երդմնակալության հետ կապված նրա խոսքերն ուժի մեջ են, բայց պետք է հասկանալ խոսքի իմաստը
Ուզում եմ հասկանալ՝ ձեր բառակապակցությունը՝ «Սերժ Սարգսյանը կերդվի միայն իմ դիակի վրայով», դա ուժի մե՞ջ է, թե՞ Դուք մտափոխվել եք:
Այսօր Ազատության հրապարակում լրագրողներից մեկի այս հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես իմ խոսքի տերն եմ: Մնում է ձեզ հասկանալ իմ խոսքը: Շնորհակալություն»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ եթե Սերժ Սարգսյանը կատարի ձեր պահանջը եւ ձեր ուզած պաշտոններում նշանակի ձեր մարդիկ, արդյոք վտանգ չկա՞, որ նրանք համաձայնության կգան «ոչ օրինական նախագահի» եւ չեն կատարի նրա որոշումները՝ կազմելով համակարգի մաս՝ նա պատասխանեց. «Ոչ: Համաձայն չեմ: Եթե նվազագույն առաջարկն ընդունվի, ես կարծում եմ, որ սա քաղաքական հանգուցալուծման մեկնակետ է, եւ հնարավորություն է տալիս, որ մենք գնանք այս տարվա ընթացքում դեպի օրինավոր իշխանություն՝ թույլ տալով, որ ապրիլի 9-ին մեր ցավը մնա անցյալի հետաձգում: Սա հնարավորություն է, որ մենք այդ խարանից դուրս գանք»:
Կարդացեք նաև
Պատասխանելով քննադատությանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հնարավոր բանակցությունները կոալիցիոն կառավարություն կազմելու առաջարկ է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Սա կոալիցիա չէ: Սա համալիր լուծում է: Սրանից հետո եւ հատկապես ապրիլի 9-ի ջրբաժանում ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը եւ ես այլեւս ընդդիմություն չենք»:
Նա վստահեցրեց, որ ապրիլի 9-ին նոր Հայաստանի երդմնակալությունն է լինելու, եւ կգա ապրիլի 9-ը, կտեսնենք ինչ է լինելու:
Հարցին՝ Դուք միշտ ասում եք, որ ժողովուրդը առանց ձեզ ոչ մի քայլ չի անելու եւ Դուք էլ առանց ժողովրդի ոչ մի քայլ չեք անելու: Եթե ժողովուրդը որոշի, որ Սահմանադրական հանրաքվե անցկացնել է պետք, որտե՞ղ Դուք կլինեք՝ նա պատասխանեց, որ ինքը ժողովրդի կողմից լիազորվել է արդեն. «Խորհուրդը միշտ կլինի, բանավեճը կլինի: Մեր հաղթած ժողովուրդն ամեն տեղ է, ոչ միայն հրապարակում: Դրա համար սին է այն թվաբանական մոտեցումը, որ նստավայրից լինում է: Ես հասկանում եմ, որ հիմնական պատասխանատվությունը իմ վրա է, ես արդեն լիազորվել եմ, դրա համար չի բացառվում, որ առաջիկա շաբաթներում ես կրկնակի լիազորության չդիմեմ»:
Խոսելով պահանջվող պաշտոնների համար իր թիմի մասին՝ նա վստահեցրեց. «Մենք ունենք բոլոր հնարավոր թեկնածուները՝ կադրային բանկ են ասում, թե ինչ, որ կարող են ստանձնել այդ պատասխանատվությունը»:
Նա վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանի հետ եթե լինեն բանակցություններ՝ բազար չի լինելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ