Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի բան հասկացանք՝ խոսքը պաշտոնների է վերաբերում»

Մարտ 27,2013 14:41

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները Հերմինե Նաղդալյանի վրա «ուշացած գնացքի ետեւից վազելու տպավորություն են թողնում»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ ՀՀ-ում արդեն մի տեսակ ձեռագիր է դառնում այն, որ խնդիրները, որոնք չեն լուծվում ընտրությունների օրը եւ ընտրողի ձեռամբ, հետընտրական շրջանում կազմակերպչական այլ ձեւերով նորից օրակարգ են բերում, ու փորձ են արվում լուծումներ գտնել: «Երկրի կարեւոր քաղաքական խնդիրները լուծվում են ընտրության օրը»,- ասում է մեր զրուցակիցը՝ գործընկեր քաղաքական ուժերին հորդորելով հենց այդ օրը «ֆորմայի մեջ» լինել: Այս համատեքստում անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին եւ հետընտրական Հայաստանում արդեն մոտ երկու ամիս շարունակվող իրադարձություններին՝ տիկին Նաղդալյանը չի կարծում, որ անհրաժեշտ էր «ցանկալին իրականի տեղ ներկայացնել, այլ իրականին պետք է ուղիղ նայել»: Մեր զրուցակիցը կարծում է, որ սա այն գլխավոր ճշմարտությունն էր, որ անցած ուրբաթ օրը Ազատության հրապարակում հասկացվեց, եւ գլխավոր է ոչ միայն մեկ քաղաքական թնջուկի հանգուցալուծման տեսակետից, այլեւ հետագա քաղաքական զարգացման: ՀՀԿ-ում ոգեւորվա՞ծ են այն իրողությունից, որ ուրբաթօրյա իր հանրահավաքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծահոգաբար թույլ տվեց Սերժ Սարգսյանին շարունակել պաշտոնավարել նախագահի պաշտոնում՝ «Առավոտի» հարցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Ասեմ, որ ոչ թե ոգեւորված են նրանից, որ թույլ է տվել. երեւի թե արժեր ոգեւորվել նրանից, որ, այնուամենայնիվ, ի վերջո, նույնիսկ ամենաբարդ ճշմարտությունները հասկացվում եմ: Նույնիսկ՝ ամենաչցանկացողների համար, ովքեր ոչ մի կերպ չեն ցանկանում իրականության հետ հաշվի նստել, փաստերին նայել ուղիղ»: ՀՀԿ-ական փոխխոսնակի համոզմամբ՝ ուրբաթօրյա հանրահավաքը եւ այնտեղ հնչած հայտարարությունները ցուց տվեցին, որ «ՀՀ-ն ունի նախագահ, ընտրված նախագահ, եւ որոշումները կայացնում է նա: Ու սա կարեւոր իրողություն է: Սա կարեւոր է ոչ միայն այս ներքաղաքական թնջուկը հանգուցալուծելու առումով, այլեւ գլոբալ քաղաքական իմաստով»:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած առաջարկները՝ ընդդիմությանը վերահսկողական պաշտոններ տալու եւ որոշ մարզպետների պաշտոնանկ անելու եւ իր առաջարկած մարդկանց նշանակելու մասին, Հերմինե Նաղդալյանն ուշացած է համարում. «Դա, իհարկե, հանրապետության նախագահի իրավասությունն ու որոշելիքն է: Խնդիրները կքննարկվեն, դրանց լուծումները կլինեն: Ես ուրախ եմ, որ «Ժառանգության» ղեկավարը հաշվի նստեց նրա լիազորությունների հետ: Բայց կարծում եմ՝ բոլորի համար էլ արդեն տեսանելի է, որ գործընթացները ուշացել են, եւ այդ առաջարկները մի տեսակ ուշացած գնացքի ետեւից վազելու տպավորություն են թողնում: Բայց գնացքն արդեն գնացել է»: ՀՀԿ-ական փոխխոսնակը նաեւ խնդիրներ է տեսնում Հովհաննիսյանի առաջարկի բնույթի մեջ. «Մի բան հասկացանք, որ, այնուամենայնիվ, խոսքը պաշտոնների է վերաբերում: Այսինքն՝ այն բարձրագոչ եւ այլ բաների տակ ընդամենը պաշտոններն էին»: Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ կիսո՞ւմ եք «Ժառանգության» առաջնորդի հասցեին այս օրերին հնչող մեղադրանքները, որ իշխանությունների հետ գործարքի մեջ է մտնում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ ուզում օգտագործել ոչ «մեղադրանք», ոչ էլ «գործարք» բառերը: Ինչ էլ ուզում եք անել՝ պիտի իշխանության հետ քննարկեք, բանակցեք եւ լուծում ստանաք»: Իսկ առաջարկների բովանդակային մասով նկատում է. «ՀՀԿ-ն եւ հանրապետության նախագահն իրենց իշխանությունը ստանձնել են իրենց առաջարկած ծրագրերն իրականացնելու նպատակով: Առաջին եւ գլխավոր խնդիրը հետեւյալն է՝ ինչպե՞ս են մեր ծրագրերը զուգահեռվում ձեզ հետ, դուք գալո՞ւ եք մեր ծրագրերն իրականացնելու: Եթե դա այդպես լինի, կարծում եմ՝ հանրապետության նախագահն ուրախ կլինի յուրաքանչյուր՝ եւս մեկ մարդու մասնակցության համար»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ՀՀԿ-ական փոխխոսնակը վերաբերվում նոր կառավարության եւ ավագանու ընտրություններին ընդառաջ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերսկսած գրոհները, մասնավորաբար, վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ: «Կարծում եմ՝ քաղաքական սրացման, քաղաքական գործողությունների ակտիվացման շրջան է, ուստի յուրաքանչյուրը փորձում է գտնել այն ձեւաչափը, որտեղ կարող է լինել նախաձեռնող, նախահարձակ, կկարողանա իր համար առավել համակրանք ստեղծել: Իսկ դրա լավագույն ճանապարհը բոլոր ժամանակներում եղել է դիմացինի դժվարությունները ներկայացնելն ու օգտագործելը: ԲՀԿ-ի վարքագիծը ես այդ բանաձեւի մեջ եմ տեսնում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ խնդիրները, որոնք հիմա բարձրաձայնում է ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն առավել վաղ է բարձրաձայնել, առավել սուր ու հանգամանալից՝ նաեւ լուծումներ առաջարկելով: «Այո, առաջարկված ծրագրերն իրագործելու մեջ դժվարություններ կան, դրանք ժամանակ են պահանջում: Այսօրվա տնտեսական աճը, որը տնտեսագիտական ճանապարհով երեւում է, դեռ չի հասել հանրապետության յուրաքանչյուր բնակչի, բայց դրան եւս բացատրություն կա, դրա ուղղությամբ աշխատանքներ կան, որոնք շարունակական են եւ հետեւողական կատարվելու են: Այսօր փորձել գտնել մեկ-երկու նեղ տեղեր ու դրանք դարձնել դրոշակ, մեթոդ՝ սեփական վարկանիշը բարձրացնելու համար, լուրջ քաղաքական ուժին այնքան էլ վայել վարկանիշ չէ: Լուրջ քաղաքական ուժից սպասվում է ավելի բովանդակային աշխատանք՝ սեփական ռեյտինգը սեփական աշխատանքներով եւ նվաճումներով ապահովելու, այլ ոչ թե մեկ ուրիշի դժվարություններով»:

Հարցին՝ կիսո՞ւմ եք ձեր կուսակիցների համոզմունքը, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն դարձյալ առաջատար դերում է լինելու, իսկ ընդդիմադիր ուժերը կրկին երկրորդ տեղի պայքար են մղելու, տիկին Նաղդալյանը արձագանքեց. «Կարծես թե այդպիսի կարծիք ունենալը վերջին շրջանում դարձել է ինչ-որ մի ամոթալի բան, հա՞: Ես այն կարծիքին եմ, որ ՀՀԿ-ն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Երեւանի ավագանին այս ընթացքում կատարել են բազմաթիվ ծրագրեր, լուծել են բազմաթիվ հարցեր, որոնք փոխել են մեր քաղաքի դեմքը, փոխել են մեր մարդկանց կյանքի պայմաններից շատերը՝ դեպի լավը. էական փոփոխություններ են եղել, որոնք տեսանելի են եւ վիճելի չեն որեւէ մեկի համար: Որպես այս ամենի եզրակացություն՝ կարելի է ասել, որ ՀՀԿ-ի թիմը լինելու է առաջինը»: Ինչ մնում է երկրորդ տեղին, Հերմինե Նաղդալյանն ասում է. «Կարծում եմ՝ ընդդիմության այսօրվա խնդիրը լինելու է հնարավորինս, այդ թվում նաեւ՝ արհեստական ճանապարհով քաղաքականացնել ավագանու ընտրությունները, որպեսզի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում իրենց կորցրածը կամ ձեռք չբերածն այստեղ փորձեն վերագտնել: Իրականում Երեւանի ավագանու ընտրությունները լինելու են ավելի շատ պայքար՝ ընդդիմության դաշտում լիդերի տեղի համար»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031