Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անկեղծ չենք

Մարտ 27,2013 14:39

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, եւ երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:

Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, եւ ահա – ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, եւ խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:

Այդպես պիտի լիներ մարդը, առավել եւս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետեւանք, որ ուրիշ ժամանակ աներեւակայելի է:

Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:

Եվ հանկարծ… դուք տեսնում եք… Նա խաղ է անում, դերասանություն է անում:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, եւ ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեեւ փոքր, բայց, տեսեք, որքա՛ն դերասաններ ունի…

Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:

Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձեւանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու եւ ամենքից հաշիվ ուզելու…

Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետեւ չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետեւ նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, եւ զզվում եք վերջապես:

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:

Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու եւ տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը:

Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհքը քանդվի:

Հաճախ սրանց շահատակությունը տեւում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել, եւ ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողովուրդն այդպես է կամենում…

«Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ…»

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում…

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:

– Տեսեք, ժողովուրդը մեզ հետ է:

Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից:

 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ, 1907

(կրճատումով)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Արմ says:

    Խոհեր՝ որոնք արտացոլում են բոլոր ժամանակների իրականությունը, ու միշտ կլինեն արդիական:

  2. Հայկ says:

    «Աշխարհը մի տակառ է՝ ներսից դանակներով պատած»: Բալզակ

    Ես կարծում եմ, որ բոլորս էլ իրավունք ունենք հանդես գալու ժողովրդի անունից, որովհետև մենք այդ ամբողջության մի մասն ենք,որովհետև ժողովուրդն ինքը անհատների գումար է…

    • Արմեն says:

      Ցնցված եմ, սպանող խոսքեր եք գրել: Մարդն ինչ ուզում ասում է…

      Հայկ ( ճիշտ կլինի ասել ժողովուրդ) ինչպե?ս եք:

      Ձեր խոսքն այնքան կտրուկ է, որ միայն կարելի է ասել ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

  3. anna says:

    Ոնց որ էսօր գրված լինի: Ոչ ավել, ոչ պակաս:

  4. Gibindus says:

    Ա, ինչ լավ ա, որ էկել ես, Օհանես ջան: Էս որդի՞ էիր: Այ տա, արի սրանց բան հըսկացրու: Իմացա՞ր, չէ, ինչ ա էլե: Ժղովուրդը էրկու մասի յա բըժանվել: Էն մի տղեն, անըմը վայթե Ռաֆո յա, ասըմ ա մի խաբեք, ամոթ ա: Էն միյուսն էլ`անըմը վայթեմ Սեռժիկ ա, ասըմ ա`բռնե՞լ ես, որ տհե ես ասըմ: Այ տա, գնացել էին գլխավոր դիվանբաշու կուշտը: Ստի դրանց Սահմանադրական դատարան են ասըմ: Լավ ա դու տեհար ոչ, խայտառակ էլանք: Իմ արև, մեր գեղամիջի խոսակցությունը ավելի մակարդակով ա: Էն մնին, որ ասըմա չես բռնել`էրկու գլխավոր պրիստավնին ին պըշպանում: Ստի Արդարության նախարար են ասըմ: Մինը արդեն չի աշխատըմ, էն մինն էլ`, բա ես արձակուրդ եմ գընացել, ոտով էլ էկել եմ ստի: Այ տա, էն Ռաֆոյին պաշպանողնին էլ, վայթեմ դպրոց գնացած չէին: Օհանեսիս ասեմ, շաշ մաշ բաներ խոսացին, դիվանբաշին էլ ասավ`գնացեք ստիան, ձեր զահլեն չունեմ: Գլխավոր պրիստավն էլեդ արդարության մեծավորն ա, էն միյուս կուռն էլ ինչ անըմ`իմանըմ չեմ: Օհանես ջան, հմի դու ասա`խաբել կարելի յա, թե՞ չէ: Էս ժըղովուրդը կըտորվեց`հըսկանում չեն: Խելոք մարդ ա պետք: Էն դպրոց չգնացած թերթ գրողներն էլ էն կռնից խառնըմ ու խառնըմ են: Փրկի, Օհանես ջան, մի բան ասա:

  5. Հայկ says:

    Սիրելի հայրենակիցներ, ես իմ մեկնաբանությունների մեջ միշտ էլ ձգտել եմ որևէ մեկի հետ չհակադրվել: Եթե ես ասում եմ, որ մենք բոլորս իրավունք ունենք հանդես գալու ժողովրդի անունից,ապա ես միանգամայն ճիշտ եմ… կարծում եմ չպետք է հեգնական կերպով ինձ ասել ժողովուրդ: Այո, ես հպարտ եմ, որ ժողովրդի մասն եմ, բայց ես ժողովուրդը չեմ: Ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը չի նշանակում նույնականացվել ժողովրդի հետ: Այդ իրավունքը տրվում է համապատասխան լեգիտիմ ուժով՝ ժողովրդի մասը կազմող մյուս անհատների կողմից և նոր միայն դու հանդես ես գալիս նրա անունից: Այնպես որ՝ իրավունք ունենալը և արդեն այդ իրավունքով արտահայտվելը տարբեր կատեգորիաներ են…
    Ասում են՝ ինչ որ կարող է սխալ հասկացվել, սխալ էլ հասկացվում է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031