«ՕՄՕՆ-ի վետերանների միությունը, որպես պահանջատեր, պահանջում և կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին` Ազգային անվտանգության խորհրդին, Արտաքին գործերի նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, Գլխավոր դատախազին նախապատրաստել բոլոր միջազգային իրավական նորմերին համապատասխան իրավական ակտեր՝ Միխայիլ Գարբաչովին և Այազ Մութալիբովին պատասխանատվության կանչելու ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարան՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ»,-այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ գնդապետ Գրիշա Սարգսյանը:
Ըստ Սարգսյանի` շուրջ 2 շաբաթ է ինչ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում բացահայտել և մանրամասնել է 1990-ական թվականների «Կոլցո» օպերացիայի, ինչպես նաև դրանից առաջ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ հանցավոր համաձայնության եկած բանակցությունների մասին, որի պատճառով 1990թվականի ապրիլ-մայիս ամիսներին հայաթափվեցին Շահումյանի շրջանը՝ իր 20.000 բնակչությամբ (Գետաշեն, Մարտունաշեն) գյուղերը և ԼՂՀ-ի Հադրութի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի 24 գյուղերը՝ 10000 բնակչությամբ: «1990 թվականի ապրիլի 30-ին սկսվեց չարաբաստիկ «Կոլցո» օպերացիան, որը անցկացնում էին Խորհրդային Միության 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի մոտոհրաձգային ստորաբաժանումները, 104 օդադեսանտային դիվիզիան և Ադրբեջանի ՆԳՆ ՕՄՕՆ-ը»:
Բանախոսը նշեց, որ իշխանությունները Լևոն Տեր- Պետրոսյանի ղեկավարությամբ, տեղյակ լինելով չարաբաստիկ «Կոլցո» օպերացիայի մասին, ինչպես նաև Հայաստանի պաշտպանության կոմիտեն` Վազգեն Սարգսյանի և Վահան Շիրխանյանի գլխավորությամբ, կարգադրեցին բոլոր կամավորական ջոկատների հրամանատարներին ետ քաշվել ռազմաճակատից, սափրվել և պատսպարվել գյուղերում: Ռազմաճակատում պետք է մնային միայն Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները, որպես պետական ստորաբաժանումներ և ՆԳՆ աշխատակիցներ: «Այդպես էլ եղավ և այս արյունալի «Կոլցո» օպերացիան ՄՀՆՋ-ի վրա թողել է ծանր և անդառնալի հետևանքներ, որի արդյունքում զոհվեցին 230, գերեվարվեցին 120, անհայտ կորան 15, վիրավորվեցին 250 միլիցիայի աշխատակիցներ, այդ թվում նաև զոհվեցին 11 և գերեվարվեցին 32 քաղաքացիական անձինք»:
Գրիշա Սարգսյանն անհրաժեշտ է համարում դիմել նաև Նոբելյան մրցանակի միջազգային կոմիտեին` հետ պահանջելու 1990 թ. Միխայիլ Գորբաչովին շնորհված Նոբելյան մրցանակը՝ մարդկության դեմ կատարած նրա հանցագործության համար. «Միխայիլ Գարբաչովից իր իսկ «Խաղաղության հիմնադրամից» նյութական և բարոյական փոխհատուցում պահանջել՝ որպես տուժող կողմ ՀՀ ՆԳՆ ՄՀՆ ջոկատների զոհվածների ընտանիքներին, գերեվարվածներին և վիրավորներին»:
Կարդացեք նաև
Բանախոսը կարծում է, որ այսօր ԱԳՆ-ը անգործության է մատնված, քանի որ արդեն երկու շաբաթ է անցել Մութալիբովի հայտարարությունից, սակայն ոչ մի պաշտոնական արձագանք դեռ չի եղել: «Մեր դեսպանները զբաղված են իրենց անձնական հարցերը լուծելով: Մենք կանգնած ենք նախագահի կողքին և պահանջում ենք իրենից անել կադրային լուրջ փոփոխություններ, որպեսզի ամեն մարդ զբաղվի իր գործով: Մենք պահանջատեր ենք լինելու, քանի որ մենք ենք տուժել այդ օպերացիայից: Ամբողջ օրը ազգասիրությունից, նժդեհյան գաղափարներից, ազգային անվտանգությունից են խոսում, Արթուր Բաղդասարյանին են ցույց տալիս: Եթե մեր պահանջը չբավարարվեց, մենք պահանջելու ենք այս կառույցների ղեկավարների հրաժարականը»,-բորբոքված հայտարարեց Գրիշա Սարգսյանը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ