Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների դեմ գործով պաշտպանական կողմը կհստակեցնի իր դիրքորոշումը

Մարտ 27,2013 14:31

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության 2 օպերլիազորի դեմ գործով դատավարության նախապատրաստական փուլը:

Գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Ջոն Ֆարխոյանը, ամբաստանյալներ, ոստիկանության Երևանի Կենտրոնականի բաժնի օպերլիազորներ, ոստիկանության կապիտաններ Խաչիկ Բախբուդարյանին ու Արտակ Բարսեղյանին պաշտպանում է փաստաբան Արայիկ Ալվանդյանը:

Վերջինս այսօրվա նիստում միջնորդեց 10 րոպե ժամանակ տրամադրել իր պաշտպանյալների հետ տեսակցելու համար և մինչ դատաքննությունը սկսելը հստակեցնել նրանց դիրքորոշումը: Տեսակցությունից հետո պաշտպանը միջնորդեց հետաձգել դատական նիստը և իրեն նույն նպատակով 2-3 օր ժամանակ տրամադրել: Դատարանը բավարարեց միջնորդությունը, և դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 29-ը:

Ինչպես «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, ըստ մեղադրական եզրակացության, 2012 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, երբ գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված Ռոբերտ Հովսեփյանն իր ընկերների հետ կանգնած է եղել Ռոստովյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող առևտրի կրպակի մոտ, Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածներով սահմանված ֆիզիկական ուժ կիրառելու հիմքերի բացակայության պայմաններում հարձակվել են Ռոբերտ Հովսեփյանի վրա, բռնության գործադրմամբ պառկեցրել գետնին, ձեռնաշղթայով կապել ձեռքերը և նստեցնելով ավտոմեքենան՝ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին։

Ըստ մեղադրանքի՝ առանց արձանագրություն կազմելու և ոստիկանության բաժին բերման ենթարկված անձանց հաշվառման գրքում գրանցելու՝ Ռոբերտ Հովսեփյանին և նրա հետ բերման ենթարկված անձանց տարել են առանձին աշխատասենյակներ՝ համապատասխան օպերատիվ աշխատանք իրականացնելու նպատակով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ օպերատիվ զրույցի ընթացքում, երբ Ռոբերտ Հովսեփյանը հայտարարել է, որ գողություններ չի կատարել և գողություններից տեղեկություններ չունի, Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը և քննությամբ չպարզված ոստիկանության երկու աշխատակիցներ, ակնհայտորեն դուրս գալով իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակից, Ռոբերտ Հովսեփյանին ապօրինի պահել են աշխատասենյակում, ձեռնաշղթայով կապել ձեռքերը ու ծեծի ենթարկել՝ ոտքերով, ձեռքերով, մահակով հարվածելով դեմքին և մարմնին, ստիպել խոստովանել նախկինում արձանագրված և չբացահայտված գողությունների մեջ նրա մասնակցությունը։

Ծեծի ժամանակ Խաչիկ Բախբուդարյանը ձեռքերի ափերով հարվածել է Ռոբերտ Հովսեփյանի ականջներին, ինչի հետևանքով տեղի է ունեցել ձախ ականջի թմբկաթաղանթի տրավմատիկ թափածակում։ Գործադրված բռնության հետևանքով Ռոբերտ Հովսեփյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։

Ռոբերտ Հովսեփյանը, չդիմանալով գործադրված բռնությանը, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին ու հոգեբանական ճնշումներին, խոստովանել է, թե ինքն է կատարել հիշյալ չբացահայտված գողությունները։ Դրանից հետո Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը, կատարելով պաշտոնեական կեղծիք, կազմել են ակնհայտ կեղծ արձանագրություն՝ իբրև Ռոբերտ Հովսեփյանին ոստիկանության բաժին բերման են ենթարկել 2012 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15-ին, և գրանցել բերման ենթարկված անձանց հաշվառման գրքում։

Նկարագրված արարքի համար ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Խաչիկ Բախբուդարյանին և Արտակ Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք, իսկ քննությամբ չպարզված ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031