Վերջին օրերին ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունը նոր թափ է ստացել: Վերոնշյալ երկու քաղաքական ուժերի հակամարտությունը երբեմն ավագ սերնդի կուսակցականների դաշտից նաև տեղափոխվում է երիտասարդ կուսակցականների հակամարտության հարթություն: Հակադարձումները ծավալվում են նաև սոցցանցերում` կուսակցականների ֆեսբուքյան գրառումների մակարդակով և այլն:
Արդյոք ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության` Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին նոր թափ ստանալու փաստը չի՞ վկայում այն մասին, որ նպատակ է դրված ԲՀԿ-ին` ընդդիմադիրի կերպարով ներկայացնելը: Մեր այս դիտարկմանն արձագանքելով` ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը առաջարկեց հենց ԲՀԿ-ական գործընկերներից հետաքրքրվել` իրենք ընդդիմությո՞ւն են, այլընտրա՞նք, թե՞ ուզում են ինչ-որ կերպարի մեջ մտնել:
Դառնալով փոխհրաձգության հանգամանքին, պարոն Շարմազանովը նշեց. «Հանրապետական կուսակցությունը հրաձգություն չի նախաձեռնել, հրաձգությունների էլ չի մասնակցում: Մենք բոլոր քաղաքական ուժերին, կամ թվացյալ քաղաքական ուժերին ու նրանց ոչ քաղաքական արձագանքներին հստակ պատասխան ենք տալիս կոռեկտության սահմաններում: Հանրապետական կուսակցությունը միշտ էլ կարծել է, որ քաղաքականության մեջ կոռեկտությունը անհրաժեշտ կատեգորիա է: Ինչ վերաբերում է հրաձգություններին, ապա Դուք էլ լավ գիտեք, որ ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական քաշային լուրջ տարբերություն կա»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն էլ նշեց, որ սա փաստացի ԲՀԿ-ի գործելաոճն է, որպեսզի կարողանա ընդդիմության որոշ զանգվածի ձայներն իր կողմը քաշել: Այնուհետև Կ. Ավագյանը նկատեց. «ԲՀԿ-ի` նախագահական ընտրություններին չմասնակցելը ինքնին այդ ուժի համար մեծ կորստի հանգեցրեց: Ուստի չեմ կարծում, թե որևէ մեկը նման գործընթաց պիտի իրականացնի ԲՀԿ-ի համար իրենցից բացի: Խոսքս ընդդիմադիր դաշտում որոշակի հավատ ներշնչելու մասին է, որն իրենք այս ընթացքում կորցրել են»:
Կարդացեք նաև
Դառնալով ԲՀԿ-ի հռետորիկային մինչ խորհրդարանական ընտրությունները` պարոն Ավագյանը նկատեց, որ դրա արդյունքները մենք տեսել ենք: Նա նշում է, որ ԲՀԿ-ն այսօր կրկնում է այն հռետորիկան, որը կիրառում էր մինչ նախագահական ընտրությունները, երբ անընդհատ ինչ-որ հայտարարությունների ձևով փորձում էին քաղաքական դիվիդենդներ հավաքել: Ուստի ըստ Կ. Ավագյանի` կանխատեսելի է, թե նման հռետորիկայի կիրառումը ինչի կհանգեցնի ավագանու ընտրություններում: Պարոն Ավագյանն այս առիթով ասաց. «Փաստ է, որ այդ հռետորիկան մեր իրականության մեջ որևէ խնդիր չի կարող լուծել: Ամեն դեպքում ավագանու առաջիկա ընտրությունները քաղաքական ուժի վերակենդանացման համար այս ժամանակահատվածում վերջին շանսն է, քանի որ այլ գործընթացներ, որոնք իրենք սկսել էին խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ, իրենց արդեն սպառել են»:
Կ. Ավագյանը չի կարծում, թե ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգություն է տեղի ունենում և հիմնավորում է. «Տեսնում ենք, թե ովքեր են ԲՀԿ-ից խոսում և ինչքանով են նրանք ասոցացվում ԲՀԿ-ի հետ, ես չէ որ դա պիտի ասեմ: Ամեն դեպքում ինձ համար հարց է, եթե ասելիք կա, ինչու է լռում իրենց կուսակցության ղեկավարը, կամ գոնե Իվետա Տոնոյանը, գոնե Նաիրա Զոհրաբյանը: Սա մեկ բառով կարող եմ բնութագրել` որպես քաղաքական ձախողված դիվերսիա, երբ փորձ է արվում իրականացնել սահմանի խախտում: Իսկ սահմանի խախտման ցանկացած դեպք հետապնդվում է օրենքով: ՀՀԿ-ն երբեք թույլ չի տա, որ որևէ սահման, կլինի դա քաղաքակրթության, քաղաքական հանդուրժողականության,կոռեկտության, քաղաքական մշակույթի, թե նմանատիպ այլ սահմաններ, խախտվեն» :
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀԿ-ի և ԲՀԿ- ի միջև այս «գզվռտոցները» ԹԱՏՐՈՆ է: Ամեն ընտրությունից առաջ ՀՀԿ-ն (օգտագործելով իր դուստր բիզնես ԲՀԿ-ին) փորձում է թոզ փչել մարդկանց աչքերին և խլել ընդդիմության ձայները: