Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիպը նահանջում է

Մարտ 27,2013 14:07

Հանրապետությունում արձանագրված մահվան չորս դեպքերում հիվանդները բժշկի ուշ են դիմել եւ նրանց մոտ նկատվել են ուղեկցող հիվանդություններ

Հանրապետությունում հատկապես փետրվար ամսից գլուխ բարձրացրած գրիպի եւ սուր շնչառական այլ հիվանդությունների հիվանդացության մակարդակը հետզհետե նվազում է: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական սրահում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Ըստ նրա՝ հիվանդացության մակարդակը հատկապես բարձր է եղել դպրոցականների մոտ, ինչի պատճառով էլ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը առաջարկվել էր եւս մեկ շաբաթով հետաձգել դպրոցականների գարնանային արձակուրդները:

Aravot.am-ի հարցին՝ որքա՞ն հիվանդ է ներկայում բուժում ստանում Երեւանի եւ մարզերի բուժհաստատություններում, ի պատասխան՝ Լ. Ավետիսյանը նշեց.

«Մարզերում սուր շնչառական հիվանդություններից բուժվում է 277 հիվանդ, իսկ 125 հիվանդ բուժվում է թեթեւ թոքաբորբից: Երեւանում 340 հիվանդ՝ սուր շնչառական հիվանդություններից, իսկ 118 հիվանդ՝ թեթեւ թոքաբորբից»:

Մասնագետը նշեց, որ ներկայում բուժհաստատություններում բուժվող հիվանդների մեծ մասը նույնպես երեխաներ են:

Անդրադառնալով վերջերս Տավուշի մարզում 7-ամյա աղջկա մահվան դեպքին՝ մասնագետը նշեց, որ աղջկա մոտ հայտնաբերվել էր գրիպի Ա տեսակը ու նկատեց, որ աղջկա ծնողները երեխային ժամանակին չեն տարել բժշկի, ուստի անհնար է եղել փրկել նրան:

ՀՀ առողջապահության ներկայացուցիչը եւս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին ինքնաբուժությամբ չզբաղվել եւ հիվանդության առաջին իսկ ախտանիշների ի հայտ գալու դեպքում անպայման դիմել բժշկի:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031