Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում այսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) տեղի ունեցավ «Ֆրանկոֆոնիա. հնարավորությու՞ն Հայաստանի համար» խորագրով համաժողովը, որը կազմակերպել են ՀՖՀՀ-ն եւ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:
ՀՖՀՀ ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան փաստեց, որ Հայաստանն արդեն բազմաթիվ կապեր ունի Ֆրանկոֆոնիայի հետ եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է:
«Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ֆրանս-հայկական համագործակցության, նաեւ` Ֆրանկոֆոնիայի «արգասիքն» է: Բացի այդ, մեր աշխատանքային գործունեության հետ կապ ունի նաեւ ֆրանկոֆոն սփյուռքը, որը գործունեություն է ծավալում կրթական-մշակութային ոլորտներում: Աստիճանաբար Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում դառնում է ֆրանկոֆոնիայի գլխավոր կենտրոնը: Ֆրանկոֆոնաին Հայաստանին կտա նաեւ այլ համաձայնագրեր, սակայն եթե ֆրանկոֆոնիան պայմանագրերով սահմանափակվեր, կդառնար առանց հիմքի կառուցվող շենք: Բարեբախտաբար, Ֆրանկոֆոնիան ընդհանուր արժեքների համակարգ է` հիմնված մշակութային բազմազանության, ժողովրդավարության վրա»,-ասաց ռեկտորը եւ հավելեց. «Ես ֆրանսիացի եմ, բայց Ֆրանկոֆոնիայի ներսում ինձ նաեւ հայ եմ զգում: Այս երկիրը մեկուսացած է աշխարհում, բայց միեւնույն ժամանակ` բաց է այլ երկրների համար: Բոլորն են լսել Հայաստանի մասին, որը ճանաչված է մոլորակի վրա: Տիգրան Մեծն այսօր Հայաստանում չի կարող գտնել նրա անտիկ սահմանները, բայց աշխարհի սահմանները կարող է գտնել: Դրա հնարավորությունը Ֆրանկոֆոնիան է տալիս»:
ՀՀ արգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամագրությունը հիմնված է ընդհանուր համակարգերի վրա` դեմոկրատիա, խաղաղություն. «Մենք արդեն ունենք հանդուրժողականության եւ երկխոսության մեծ փորձ: Մենք ջանքեր կգործադրենք` ամրապնդելու համար ֆրանսերենի ներկայությունը Հայաստանի կրթական համակարգում»: Նախարարն արձանագրեց, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:
Կարդացեք նաև
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի համոզմամբ. «Ֆրանսիայի` Հայաստանում ծավալած մշակութային գործունեությունը դառնում է երկու երկրների շարունակական հարաբերությունների դրսեւորումը: Մեր պատմական կապերը հետք են թողել հայերի եւ ֆրանսիացիների սրտում»: Դեսպանը հավելեց, որ Ֆրանսիայի հայկական համայնքը մեծ կարեւորություն ունի երկրի համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ