Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաակաշվիլիի կուսակցությունը հայատյացությունը օգտագործում է որպես լծակ»

Մարտ 27,2013 12:51

«Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը աշնանը կայանալիք նախագահական ընտրություններից առաջ փոխել է մարտավարությունը` հասկանալով, որ այլեւս չի կարող հավակնել հայկական քվեներին», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թբիլիսիում գործող «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը` մեկնաբանելով Վրաստանի նախագահի վերջին հայտարարությունները:

«Սաակաշվիլիի կուսակցությունը բավական իրատեսորեն է գնահատել կացությունը: Ազգային փոքրամասնությունները` գոնե հայերը, ըստ ամենայնի, այլեւս չեն քվեարկի Ազգային միացյալ շարժման օգտին: Այդ իսկ պատճառով, տեղի է ունենում վերակողմնորոշում դեպի ընտրազանգվածի այլ հատվածներ: Դրանցից առավել «հետաքրքրականը» ազգայնականներն են, որոնց հետ կարելի է բավական հեշտորեն ու արագորեն ինչ-ինչ քաղաքական խաղեր իրականացնել: Այս նպատակին հասնելու համար էլ պետք է թիրախ գտնել, կրկին լույս աշխարհ հանել հին ֆոբիաները: Իսկ Վրաստանում առկա ամենատարածված եւ մեծ ժողովրդականություն վայելող նման զգացումը, իհարկե, հայատյացությունն է: Տրամաբանական է, որ [Սաակաշվիլիի կուսակցությունը] առաջին հերթին հենց հայատյացությունն է օգտագործում որպես լծակ», – նշեց Ստեփանյանը:

Անցած շաբաթավերջին Վրաստանի նախագահը «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կրկին անդրադարձել էր ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակմանը` պնդելով, թե նրան բանտից ազատ արձակելու որոշումը քաղաքական սխալ էր:

Երկու օր առաջ էլ Սաակաշվիլին մի քանի ժամով մեկնեց Ախալքալաք՝ այցելելով տեղի վրացական դպրոց: Նախագահի այս մի քայլը Թբիլիսիում ընկալվեց որպես յուրատեսակ պատասխան Ախալքալաքի շրջանային խորհրդի` սակրեբուլոյի, շաբաթներ առաջ ընդունված որոշմանը, որով ջավախքցի պատգամավորները կոչ էին անում Վրաստանի խորհրդարանին վավերացնել «Ռեգիոնալ լեզուների մասին եվրոպական խարտիան», ինչը հնարավորություն կտար նաեւ հայերենը հռչակել տարածաշրջանային լեզու:

Առնոլդ Ստեփանյանը, սակայն, այս նախաձեռնության մեջ առավելապես սադրանքի տարրեր է նկատում, քանի որ դրա հեղինակները Սաակաշվիլիի վաղեմի հայ կողմնակիցներն են, ինչպես, օրինակ, Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, այժմ` Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը:

«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավարի խոսքով՝ իրավիճակի բարդությունը հենց հայերի դեմ ուղղված ծրագրերում հայերի ներգրավվածությունն է:

«Սաակաշվիլիի կուսակցությունն ինքը չի կարող հանդես գալ [հակահայկական] հայտարարություններով, այդ իսկ պատճառով նրանք անուղղակիորեն ազգայնականներին են դրդում այդ քայլին: Բացի այդ, սադրանքները կատարվում են հայերի ձեռքով: Փորձ է կատարվում հայերի միջոցով այնպիսի հարցեր բարձրացնել, որոնք հաստատ առաջացնելու են վրաց ազգայնականների հակազդեցությունը: Նման երկու խնդիր կա, որոնք գրգռում են ազգայնական կրքերը` մեկը հայոց լեզվի կարգավիճակն է, պայմանականորեն ասած՝ ինքնավարության լեզուն, մյուսը` եկեղեցիների պատկանելությունը», – նշեց Ստեփանյանը` հավելելով, որ ներքաղաքական խաղերում հայերին օգտագործում են նախեւառաջ այն պատճառով, որ Վրաստանի հայերը վատ են կազմակերպված:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031