Այսօր «Ելակետ» ակումբում մեկ միլիոնանոց բողոքի երթի նախաձեռնող, ռեժիսոր Արշակ Զաքարյանը խոսեց ներքաղաքական իրավիճակի մասին:
Զաքարյանը նշեց, որ դեռեւս երեք շաբաթ առաջ էին որոշել կազմակերպել երթ ի նշան բողոքի ՀՀ նախագահական ընտրությունների դեմ, բայց ստիպված եղան ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներին բացատրություններ տալ, որոնք ի սկզբանե կասկածանքով վերաբերվեցին իրենց նախաձեռնությանը. «Մենք բոլորի հետ էլ զրուցել ենք, ասել, որ այս նախաձեռնությունը չի խանգարի իրենց շարժմանը, հակառակը եկել է օգնելու: Ցավոք չկարողացանք գալ ընդհանուր հայտարարի, որպեսզի երթը կայանա: Շատերը կարծեցին, որ սա կարող է սադրանք լինել, ինձ նույնիսկ համարեցին իշխանության մարդ, ասացին, որ այս երթը կարող է ժողովրդի մեջ պառակտում առաջացնել: Րաֆֆի Հովհաննիսյանի ու իր թիմակիցների հետ զրուցելուց հետո հասկացան, որ մենք ապրիլի 9-ին չենք խանգարի իրենց ու մենք ընդամենը որոշեցինք մեր քաղաքացիական երթը հետաձգել մինչեւ մայիսի 1-ը, որովհետեւ այդ օրը նախ աշխատավորների օրն է, իսկ Հայաստանում բոլորն էլ աշխատավոր են ու հենց այդ խավն է, որ դժգոհում է: Բացի այդ` մայիսի 1-ին ամեն ինչ պարզ կլինի, բոլոր դիմադիր ու ընդդիմադիր ուժեը ժողովրդին կապացուցեն, թե ինչ էին ուզում անել»:
Զաքարյանը հավելեց, որ ինքը ոչ մի ուժի չի ներկայացնում, քաղաքական գործիչ չէ, երբեք որեւէ շարժման մեջ չի եղել, բայց սա այն է, ինչ ժողովուրդը ուզում էր` այսինքն կոնկրետ քայլ, անհնազանդության ապացույց:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ