Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ովքե՞ր են Րաֆֆիին քննադատողները

Մարտ 27,2013 12:20

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց Սերժ Սարգսյանի նամակին: Նա դրական է գնահատում Ս․Սարգսյանի գրավոր արձագանքը իր առաջարկներին եւ պատրաստակամություն է հայտնում քննարկումների նպատակով նրան հանդիպել Ազատության հրապարակում։ Հակառակ դեպքում, «Ժառանգության» առաջնորդը Ս․ Սարգսյանին կոչ է անում գրավոր ներկայացնել, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել իր առաջարկների կապակցությամբ։

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, որ պատասխանելով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ հրավիրելու կամ առնվազն 8 պաշտոններ զիջելու, ընտրակեղծարար մարզպետներին պաշտոնանկ անելու` Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին, պատրաստակամություն հայտնեց երկխոսել, հորդորելով նրան դադարեցնել հացադուլը, մեկ երկու օր կազդուրվել եւ աշխատել՝ «առանց շոուների»:

Արձանագրենք, որ նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորված որոշակի լարվածությունն, այսպիսով, մեղմվելու ուղղությամբ է գնում, եւ դա անշուշտ դրական է:

Իհարկե, հասկանալի է նաեւ, որ երկխոսություն սկսելու դեպքում Ր․Հովհաննիսյանը հնարավոր է, որոշ առաջարկներից հրաժարվի կամ առաջ գան այլ տարբերակներ ու պահանջներ, բայց դրանք, ինչպես ասում են՝ բանակցային գործընթացի նրբություններ են եւ կողմերը իրենք պետք է հմտություն ցուցաբերեն՝ իրենց դիրքերն ամուր պահելու եւ առավել արդյունավետ տարբերակները գտնելու ճանապարհին: Իսկ բանակցելու հմտությունը, թերեւս այն է, որ կողմերը փոխզիջումներով հասնեն հասարակության համար ընկալելի արդյունքների:

Ուշագրավ է սակայն, որ վերջին մի քանի օրերին ընդդիմադիր ուժերից կողմից խայթոցները Րաֆֆի Հովհաննիսյանի ուղղությամբ բավական ուժգնացել են: Սա մի կողմից կարելի է բացատրել պարզ խանդով․ երբ իշխանությունը որեւէ քաղաքական ուժին հայտարարում է, թե պատրաստ է իր հետ քննարկել քաղաքական հարցեր, սա գոնե հրապարակավ զիջման գնալու պատրաստակամություն է, մանավանդ, երբ խոսքը վերաբերվում է նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկանուի մասին:

Համացանցային քննարկումներում հիմնական հարցադրումների շարքում այս օրերին գերիշխում է օրինակ այս հարցադրումը՝ իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ իշխանությունների հետ «Ժառանգություն» կուսակցության երկխոսությունը չի արժանանա 2011-ին Հայ ազգային կոնգրես-իշխող կոալիցիա ձախողված բանակցությունների ճակատագրին: Իհարկե, ոչ մի երաշխիք որեւէ կողմը չի կարող տալ: Բայց այստեղ կարեւորը ամենեւին էլ երաշխիքը չէ, այլ զուտ քաղաքական գործընթացը:

Այլ հարց է, թե իշխանությունն ու ընդդիմությունը որքան են ճկուն լինելու իրենց դիրքերը պաշտպանելու հարցում: Ր․Հովհաննիսյանը պետք է ունենա իր նշաձողը, որից ավել չի կարող զիջել բանակցություններում: Իշխանությունն էլ իր հերթին, պետք է իրեն պահի իրատեսության շրջանակներում եւ վերջապես սահմանափակի միայն խոսքով՝ «ամեն ինչ այնքան էլ վատ չէ», սկզբունքով հասարակությանն ինչ-որ բան համոզելու իր քաղաքականությունը: Ժամանակն է, որ իշխանությունը իրականացնի կոնկրետ, քաղաքական քայլեր՝ անկախ այն բանից, թե բանակցողի առաջարկը որքան է «հում» կամ «եփված»: Երկխոսության կամ բանակցությունների ընթացքում փոխհամաձայնության գալու հնարավորությունների հիմքում ընդամենը մեկ բան է անհրաժեշտ՝ անկեղծ ցանկություն քաղաքական լարվածությունը մեղմել եւ հասարակության պահանջները իրագործել:

Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք վերջին օրերին լծվել են Րաֆֆի Հովհաննիսյանին «ԱԽՔացնելու» սուրբ գործին եւ իրենց հրապարակումներով ու մեկնաբանություններով նրա քաղաքական ապագայի վրա արդեն «խաչեր են քաշում», ապա լավ կլիներ սեփական գործունեության արդյունքները գնահատեին: Նրանց քննադատության հիմնական մեխը սա է, թե՝ նրանք, ովքեր համարձակվել են հակադրվել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ի մասին «քաղաքագիտական վերլուծությանը», ինչու՞ են այսօր աջակցում Ր. Հովհաննիսյանին, երբ տեսնում են, որ վերջինս՝ մի քանի պաշտոնի դիմաց պատրաստվում է հուսախաբ անել 500.000 ավելի մարդկանց․․․

Ընդհանրապես քաղաքական բանավեճում, կարծես, պետք է որ պարզ ճշմարտության պես մի բան լինի, որ բանակցությունները՝ իշխանությանը պահանջներ ներկայացնելու կամ իշխանությանը զիջումների դրդելու պրոցեսը կարող է տեղի ունենալ իշխանության եւ ընդդիմության միջեւ, այլ ոչ թե՝ ընդդիմության եւ մեկ այլ ընդդիմության կամ «այլընտրանքի» միջեւ: Ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել, տարբեր միասնական շտաբներից ղեկավարվել, դաշիքներ կազմել, ընտրություններից առաջ միասնական ճակատներ ձեւավորել: Այլ հարց է, թե այդ համագործակցություների հիմքում, նրանք որքան են անկեղծ ժողովրդի առջեւ:

Բայց երբ Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրում են «ծախվելու» մեջ՝ Ս․Սարգսյանի հետ երկխոսելու գնալու պատրաստակամության համար, եւ դրան ի պատասխան հարց են ուղղում, ինչու՞ էիք քննադատում Լեւոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը», իսկ հիմա լռում կամ ընդունելի են համարում Սարգսյան-Հովհաննիսյան երկխոսությունը, ապա այս դեպքում մնում է ընդամենը մեկ հարց տալ՝ ի՞նչ է, ԲՀԿ-ն ՀԱԿ-ի վերնախավի համար բարձրագույն իշխանությո՞ւն է, այլ ոչ թե՝ «այլընտրա՞նք» իշխանությանը․․․

Այո՛, 2011-ին շատ ավելի դրական արդյունք կարող էր լինել, եթե ՀԱԿ-իշխանական կոալիցիա բանակցությունների ընթացքը չխաթարվեր, որովհետեւ, եթե ինչ-որ արդյունք արձանագրվեր՝ դա լինելու էր կողմերի փոխահամաձայնությամբ, իսկ իշխանության կողմից ցանկացած զիջում հասարակական ընկալման վրա դրական ազդեցություն է թողնում եւ փաստում է ընդդիմադիր ուժի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա, ինչը կարող է տեղի ունենալ նաեւ առաջիկա օրերին: Ցանկացած հասարակության համար իշխանություն-ընդդիմություն բանակցությունները վստահաբար ավելի ընկալելի են, քան ընդդիմության հռչակած երբեմնի նպատակներից նահանջի ակնատեսը դառնալը՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական հիմնավորումներ ու պատճառաբանություններ են ներկայացվում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Շատ հաճելի է որևէ գրագետ, ազգային ցավին տեղյակ,անձի / ճշմարիտ մտավորականի/ խոսքը երկրորդելու:Առանց մտավախության կարող եմ ստորագրել Ձեր հոդվածի տակ:Նեղ անձնական և կուսակցական շահերը այքան են պղտորել անազնիվ ու կեղծ մտավորական կոչվածների աչքերը, որ չես հասկանում ին՞չ են ուզում:Քանի-որ երկու անձերիգործողություններին նայում եմ այսօրվա մեզ պարտադրված մարտահրավերների պայմաններից,ուստի դա առանձին թեմա է:Ընդունեք իմ խորին հարգանքները և գաղափարական ընկերության առաջարկը

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031