ՓԱՍՏ 1: Դեռեւս փետրվարի 2-ին, այսինքն՝ նախագահական ընտրություններից առաջ, մամուլում տեղեկատվության շրջանառվեց, համաձայն որի՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված արտաքին աուդիտի արդյունքում «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» ՊՈԱԿ-ը ստացել է բացասական եզրակացության։ ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, մեկնաբանելով այս որոշումը, նշել է, որ խախտումները եղել են մինչեւ 2012թ. մարտ ամիսը՝ Սուրեն Զոլյանի պաշտոնավարման օրոք, երբ կտավներ ու արձանիկներ են գնվել նախկին ռեկտորի քրոջից, ով նկարչուհի է։ Նա նաեւ նշել է, որ պարզվել է, որ ահռելի տարբերություն կա դրանց դիմաց մուծված գումարի եւ իրական արժեքի միջեւ։
«Այո՛, արձանիկներ եւ կտավներ գնել եմ, սակայն ինչո՞ւ են հիմա այդ մասին խոսում», այդ օրերին հայտարարել էր ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը։ «Ես շատ զարմացած եմ, որովհետեւ եթե դա ինձ է վերաբերվում, ես դրա մասին պետք է տեղյակ լինեի։ Ես իմ պաշտոնավարման ընթացքում բավական արձանիկներ եւ կտավներ եմ գնել։ Իմ աշխատանքի ապօրինի ազատումից հետո մի քանի ստուգումներ են անցկացրել բուհում ու փորձել են ինչ-որ բան գտնել։ Փոքր-ինչ անհասկանալի է, որ ստուգում անցկացնողները չեն հրապարակում այդ ինֆորմացիան։ Եվ դրանք ի հայտ եկան նրանից հետո, երբ մամուլում հայտնվեց ինֆորմացիա իմ վերաքննիչ բողոքի մասին», ասել էր նա։
Փաստ 2: Դեռեւս 2012 թվականի հուլիսի սկզբին ԿԳՆ-ն հաղորդագրություն
տարածեց, համաձայն որի՝ «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության ընթացքում, ըստ ԿԳՆ պաշտոնական կայքի, բացահայտվել եւ արձանագրվել են համալսարանի ռեկտորի կողմից կատարված մի շարք խախտումներ, որոնք առնչվում են համալսարանի կրթական գործունեության մի շարք ուղղություններին, մասնավորապես.
Կարդացեք նաև
1. Խախտումներ, որոնք վերաբերում են համալսարանի ռեկտորի կողմից հաստատված ներքին իրավական ակտերին։ Օրինակ, ՀՀ օրենքներով նախատեսված չէ անհատական ժամանակացույցով ուսուցման ձեւ, սակայն համալսարանի ռեկտորի կողմից հաստատվել է կարգ, որով նախատեսվում եւ իրականացվում է անհատական ժամանակացույցով ուսուցում կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված չէ շրջանավարտներին ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներով որակավորում չշնորհելու (դիպլոմ չտալու) դեպքում հետագա տարիներին ամփոփիչ ատեստավորմանը մասնակցելու սահմանափակում, այնինչ համալսարանի ռեկտորի կողմից հաստատված կարգով ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներ ունեցող շրջանավարտները կարող են վերահանձնել ոչ ուշ, քան 5 տարի հետո եւ երկու անգամից ոչ ավելի։ Վերջինս ուսանողների իրավունքների կոպիտ ոտնահարում եւ սահմանափակում է։
2. Խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ օրենսդրության եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին՝ ուսանողների տեղափոխությունների, հեռացումների, վերականգնումների, ակադեմիական արձակուրդների ձեւակերպման գործընթացների իրականացման ընթացքում։ Օրինակ, կատարվել է ներբուհական տեղափոխություն առաջին կուրսում, բուհից բուհ տեղափոխություն առանց ակադեմիական տեղեկանքի, ձեւակերպվել է հետին թվով ակադեմիական արձակուրդ՝ առանց բժշկական տեղեկանքի, ակադեմիական արձակուրդը երկարաձգվել է եւս մեկ տարով, իրականացվել է անհատական գրաֆիկով ուսուցում՝ ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքի հիման վրա, կատարվել է ուսանողի վերականգնում առաջին կուրսի առաջին կիսամյակից, կատարվել է արտերկրի ուսումնական հաստատություններից տեղափոխություն՝ առանց համապատասխան հաստատությունից հարցման դրական պատասխանի։
3. Խախտումներ, որոնք կատարվել են դիպլոմների լրացման գործընթացում, ինչի հետեւանքով տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով (օրինակ, անգլերեն լեզու եւ երկրագիտություն մասնագիտությամբ) դիպլոմներ։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»
Սուրեն Զոլյանի պատճառով՝ շատերը «Բարև Երևան»-ի ցուցակին հաջող են ասելու: