Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովինար Նազարյանը՝ դատավորին. «Դուք պատասխանատու եք ոչ միայն Արտակ Նազարյանի հիշատակի առաջ»

Մարտ 27,2013 11:47

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության մարտի 26-ի նիստում ելույթ ունենալով՝ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանն ասաց՝ իրենք սպասում էին, որ դատարանն այդ քրեական գործը վարույթ չպետք է ընդուներ, քանի որ նախաքննությունը մեծ թերություններով է կատարվել եւ հավելեց. « Որոնք գուցեւ կարելի էր շտկել եւ դատարանը կարող էր զինվորական դատախազությանը կրիմինալիստիկայի լավ դասեր տալ գոնե դատաքննության ընթացքում: Սակայն ակնհայտ էր, որ թերացումները ոչ թե պրոֆեսիոնալ թերացումներ էին, այլ դրանք միտումնավոր խեղաթյուրումներ էին, որովհետեւ ոչնչացվել եւ աղավաղվել էին բազմաթիվ ապացույցներ, վկաներից խոշտանգումների միջոցով կորզվել են կեղծ ցուցմունքներ, ստեղծվել է ինքնասպանության կեղծ վարկածը, որի շուրջ էլ զինվորական դատախազությունը միտումնավոր կերպով փորձել է հավաքել ապացույցներ, բնականաբար՝ կեղծ ապացույցներ: Որովհետեւ եթե տեղի չի ունեցել ինքնասպանություն, ուրեմն չէին էլ կարող հայտնվել ինքնասպանության հասցնողներ եւ ինչ-որ հեքիաթային պատմություններ ինքնասպանության հասցնելու մասին»:

Ծ. Նազարյանն ակնկալելով արդար դատավճիռ, դիմեց դատավոր Սամվել Մարդանյանին. «Դուք պատասխանատու եք ոչ միայն Արտակ Նազարյանի հիշատակի առաջ, այլեւ դուք պատասխանատու եք այն բոլոր սպաների ու զինվորների, զինծառայողների առաջ, ովքեր հավատում են, որ մարդկային բարձր որակները պետք է խրախուսված լինեն զինված ուժերում եւ ովքեր կարող են իրենց այդ միամիտ հավատի պատճառով դառնալ հերթական զոհը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031