Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները ՀԱԿ-ի առաջարկները անտրամաբանական ու շահադիտական են համարում

Մարտ 27,2013 11:44

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը առաջարկ է ներկայացրել խորհրդարանական տարբեր խմբակցությունների` ներկայացնել հնարավոր ԱԺ արտահերթ նիստում ընդունվելիք իրենց հայտարարությունը: ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ի պատասխան արված առաջարկի` ներկայացրել է այն նախագծը, որի շուրջ միայն կարող է կայանալ համաձայնություն: Այդ նախագծում ՀԱԿ-ը թիվ մեկ քաղաքական խնդիր է համարում ոչ օրինակարգ իշխանության գոյությունը եւ սահմանադրական կարգի խաթարվածությունը, ինչի վերականգնման համար առաջարկում է Ընտրական օրենսգրքում կատարել բոլոր այն փոփոխությունները, որոնք առաջարկել է ընդդիմությունը, անցկացնել լսումներ եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների քննարկումներ՝ արտահերթ նախագահական, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միջոցով Հայաստանում խաթարված սահմանադրական կարգի վերականգնման օրակարգով։

Aravot-am-ը ՀՀԿ-ական պատգամավորներից հետաքրքրվեց` ՀԱԿ-ի առաջարկները տրամաբանական և իրագործելի համարո՞ւմ են: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը դրանք քաղաքական առումով անտրամաբանական առաջարկներ համարեց ու նշեց, որ դրանք չեն արտահայտում այս պահի քաղաքական իրողությունը: Այնուհետև հավելեց. «Այն, ինչի համար արվել են այդ առաջարկները, նպատակը որևէ կերպ չարդարացնող առաջարկներ են: Դրանք ավելի շատ քաղաքական շահերի տեսանկյունից ներկայացված առաջարկներ են»:

Մեր այն դիտարկմանը, թե սահմանադրական կարգի խաթարումը լուրջ խնդիր չէ՞, պարոն Զաքարյանը հակադարձեց. «Բայց ո՞վ ասաց, որ սահմանադրական կարգը խաթարված է: Արհեստական ձևակերպում, արհեստական առաջարկություններով: Դրանք հենց սեփական քաղաքական շահերի տեսանկյունից արված առաջարկներ են: Այնինչ դրանք պիտի միտված լինեին այսօրվա հասարակական համակարգում հանրային դժգոհության բավարարմանը և քաղաքական համաձայնությունների բերող առաջարկներ պիտի լինեն: Այնինչ դրանք քաղաքական համաձայնությունն ավելի շատ տարանջատող պահանջներ են»:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն էլ այդ պահանջներին մեծ կարևորություն չտվեց` նշելով, որ երկրում ավելի էական խնդիրներ կան: Ապա հավելեց. «ՀԱԿ-ը վատ է տանում ընդդիմության դափնիները զիջելու իրավիճակը և նման քայլերով փորձում է պապից ավելի կաթոլիկ երևալ, նաև ինչ-որ տեղ նախաձեռնությունը խլել իրենց և մեր գործընկերներից, քանի որ ինչ էլ որ ասելու լինենք, փաստը մնում է փաստ, որ Ազատության հրապարակը չակերտավոր նվաճված է «Ժառանգության» կողմից, և նրանք ուզում են հակախաղ գտնել այս իրավիճակում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031