Փորձեմ կանխագուշակել տպագիր լրատվամիջոցների էվոլյուցիայի մի քանի ուղիներ.
Ա. Տպագիր լրատվամիջոցները (կամ նրանց մի մասը) համառում են, մնում են այդպիսին՝ թքած ունենալով համացանցի մարտահրավերների վրա՝ «ունենք մեր կայուն ու նվիրված լսարանը, մեզ համացանցը պետք չէ» մտայնությամբ։ Մի զարմացեք, նման համառողներ դեռ կան։ Ստիպված եմ հիասթափեցնել այս կերպ մտածող խմբագիրներին։ Նրանք կգոյատեւեն, քանի դեռ կա գոնե մեկ ընթերցող, ով գերադասում է թերթը դեմքին բազմոցին ննջել։ Իսկ այդպիսիք քիչ են մնացել։
Բ. Տպագիր լրատվամիջոցները շարունակում են ինտեգրումը համացանցին՝ պահպանելով նաեւ թղթային տարբերակները։ Կարծում եմ՝ ամենից կենսունակը կլինեն այն լրատվամիջոցները, որոնց էլեկտրոնային տարբերակները ոչ թե տպագրի մեխանիկական կրկնությունն են, այլ այդ բովանդակությունից առավել տեղ են տալիս օրվա լրահոսին։ Համեմատության համար հիշեցնեմ, որ ոչ վաղ անցյալում (մինչ ինտերնետի ի հայտ գալը, սակայն տպագրական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում) թերթերը ունենում էին երեկոյան թողարկումներ, սրանք մի մասով կրկնում էին առավոտյան թողարկման բովանդակությունը, սակայն դրան ավելանում էին օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին տեղեկությունները։ Ընդ որում՝ որոշ ժամանակ սրանք հաջողությամբ մրցակցում էին ռադիոյի եւ հեռուստալուրերի հետ։ Սակայն ժամանակի ընթացքում վերացան՝ հենց որ ռադիոհեռուստալուրերն ավելի արագ եւ օպերատիվ դարձան: Մեր դեպքում՝ կվերանա թղթային տարբերակը։ Այդու՝
Գ. Տպագիր լրատվամիջոցներն ամբողջովին տեղափոխվում են համացանց՝ հրաժարվելով թղթային տարբերակից։
Այս երրորդը ապագայի խնդիր է եւ կրկնեմ՝ տպագիրն ու էլեկտրոնայինը զուգահեռաբար կգործեն, քանի դեռ թերթի ընթերցողներ կան։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ արդեն գովազդն էլ է սկսում տեղափոխվել համացանց, եւ հնարավոր է, որ անգամ ընթերցողի առկայությունը չփրկի թղթի վրա տպագրվող լրատվամիջոցներին։ Կրկնեմ՝ թե քանի՞ տարի հետո կկատարվի ամբողջական անցումը համացանց, դժվար է ասել։ Սակայն սրանից ողբերգություն պետք չէ սարքել։ Ձեռագիր էր՝ դարձավ տպագիր, տպագիր է դառնում է էլեկտրոնային, ընդ որում՝ ձեռագրից տպագրին անցնելը հնարավորություն տվեց ոչ միայն ծաղկել ու նկարներ օգտագործել, այլեւ՝ բազմազանեցնել ձեւավորումը. լուսանկարներ օգտագործել։ Բայց բովանդակությունը, ինֆորմացիայի բնույթը, ըստ էության, մնացել է նույնը։ Հիմա էլ նույն պրոցեսն է. համացանց տեղափոխվելը տեղեկությունների փոխանցման ձեւի փոփոխություն է բերում, ավելի շատ պատկերներ, ավելի լակոնիկ տեքստ, գումարած շարժվող պատկերներ (տեսանյութեր) եւ ձայն։ Սրան էլ ավելացրեք այն, որ լրատվամիջոցն ինտերակտիվ է դառնում, եւ ընթերցողը լավ բան կարդալիս չորս պատերի մեջ «բռավո» գոռալու փոխարեն դա գրում է հրապարակման տակ եւ պատկերը կամբողջանա։ Այսինքն՝ տպագիր լրատվամիջոցը մնում է, պարզապես փոխվում է նրա կրիչը, թղթի փոխարեն այն կարդում ես էկրանին՝ դրա բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ։ Հենց սա է, որ ես անվանում եմ մեդիաների խաղաղ գոյակցություն։
Թեման ծավալուն է ու խոսելու նյութ՝ ինչքան ասես։ Այսուհանդերձ, պահպանողականներին պարզապես պիտի ասեմ. իզուր մի կռվեք համացանցի դեմ, անիմաստ է, ավելի լավ է «վարժեցրեք» այն՝ հանուն ձեր իսկ գործի ծաղկման։
Մեսրոպ ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆ
արձակագիր, լրագրող
«Հայկական ժամանակ»
Լուսանկարը` Զորիկ Գալստյանի