«Ես Yes!» ամսագրի խմբագիր, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակի 10-րդ համարը զբաղեցնող Անի Քոչարը երեկ բաց նամակ է գրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին՝ պահանջելով բացահայտել, թե ինքն ինչ առնչություն ունի դերասան Արսեն Առաքելյանի մահվան հետ (վերջինս մահացել է ինֆարկտից): Բանն այն է, որ Ա. Առաքելյանի վերջին գրառումը «Ֆեյսբուք»- ում եղել է հետեւյալը. «Եթե դու կարողանում ես 2 րոպեից ավել լսել Անի Քոչարի ինտերվյուն, ուրեմն դու աշխարհի ամենանյարդեր չունեցող մարդն ես»։ Եվ ահա, հիմնվելով այս գրառման վրա, ոմն Վահան Ղուկասյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե չի բացառվում, որ Առաքելյանի մահվան պատճառը Անի Քոչարն է։ Ու մեր որոշ գործընկերներ (թեեւ դժվար է քոփի-փեսթ անողներին լրագրող անվանել) վերցրել ու այդ անհեթեթ կարծիքը դրել էին իրենց կայքերում՝ այդպիսով մուտքեր ապահովելով ավելի քան տխուր վարկանիշ ունեցող եւ սեփական ձեռագիր չունեցող իրենց կայքերին։ Այդ «վայ լրագրողները» հավանաբար մոռացել կամ գիտակցաբար չեն ցանկանում ընդունել ճշմարտությունը, որ ԶԼՄ-ների հիմնական առաքելությունը ժամանակին, ճշգրտված եւ հավաստի տեղեկության մատուցումն է՝ հագեցնելու քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու քաղցը։ Հայաստանյան մի շարք կայքեր, մամուլի տեսությունից բացի, նաեւ «սոցիալական ցանցերի տեսություններ» են տեղադրում, որտեղ դիտարկվում են օգտատերերի կողմից բարձրացված թեմաները՝ չնայելով, թե ով է հեղինակը, ինչ խնդիր է հետապնդում։ Ու հենց այս ձեռագիրն էլ բերում է համատարած անպատասխանատվության։
Մինչդեռ ցանկացած տեղադրվող նյութ պետք է համապատասխանի օբյեկտիվության չափորոշիչներին, տրամաբանությանն ու ճշմարտությանը։ Բացի այդ, տեղեկատվությունը պետք է լինի հուսալի, հասկանալի, դիպուկ եւ ամբողջական։ Ու այս առումով անհրաժեշտ է էթիկական եւ օրինական վերահսկում, նյութերի մասնագիտական գնահատման անցկացում։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվական անվտանգության միասնական արդյունավետ համակարգ, որը պետք է նաեւ արդյունավետ ղեկավարել։ Ասել է թե՝ պետք է գործեն առանձին իրավասու համակարգեր, որոնք միայն իրենց իրավասության ու հետաքրքրությունների շրջանակում կարող են լուծել տեղեկատվական անվտանգության մասնավոր խնդիրներ։ Այդպիսի համակարգը պահանջում է բոլոր ենթահամակարգերի ջանքերի համաձայնեցում եւ դրանց գործունեության կոորդինացում։ Թե ով պետք է իրականացնի այս գործառույթը, տարաբնույթ կարծիքներ կան։ Բայց որ դրա կարիքը կա, կարծում ենք՝ որեւէ մեկը չի հերքում։
Խոսքի ազատությունը չպետք է շփոթել անպատասխանատվության, մարդկանց նկատմամբ ծանր մեղադրանքներ ներկայացնելու եւ անպատիժ մնալու գործելաոճի հետ։ Ի վերջո, յուրաքանչյուր խոսք ազդեցիկ է, եթե կա պատասխանատվություն։
Հուսանք, որ Անիին հասցեագրված բաց նամակի հեղինակները թեկուզ մի օրինակով կբացատրեն լրատվական աղտոտված դաշտին, որ նման գործելակերպը, մեղմ ասած, դատապարտելի է։
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»