Խորհրդարանի արտահերթ նիստը, որ այս շաբաթվա վերջին պլանավորում է անցկացնել ՀՀԿ-ն՝ հետընտրական զարգացումների օրակարգով, ըստ ամենայնի, սպասված արդյունքը չի տա։ «Երեկ ես խոսել եմ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ եւ ասել եմ, որ փաստաթուղթ եմ ուղարկում, նայեք, ասեք համամիտ եք, թե ոչ, բայց այսօր ինչքան հետազոտել եմ, նույն երգն են երգում՝ յուրաքանչյուրը իր համար։ ՀԱԿ-ը պատասխանել է, ՀՅԴ-ն խորհրդարանական կառավարման ձեւի վրա է շեշտադրում անում, ԲՀԿ-ն՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի։ Յուրաքանչյուրը իր խնդիրն է աոաջ դնում, իսկ մենք ասում ենք, որ կարող ենք եւ Սահմանադրական բարեփոխումների քննարկումները կազմակերպել, եւ ԸՕ փոփոխությունների մասին խոսել եւ ցանկացած հարցի»,- մեր թղթակցին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Հարցին՝ որ օրն է արտահերթ նիստը հրավիրվելու, նա պատասխանել է. «Երբ բոլոր քաղաքական ուժերը կհամաձայնեն փաստաթուղթ ստորագրել, կարող ենք հաջորդ օրն էլ նիստ հրավիրել։ Քանի դեռ համաձայնություններ չկան, անիմաստ է արտահերթ գումարելը եւ մեկ անգամ եւս կրքեր բորբոքելն ու ջրբաժանի ճանապարհով գնալը»։
ՀՀԿ-ի հեղինակած հայտարարության նախագծին, որը դրվելու է արտահերթ նիստի քննարկմանը, երեկ արձագանքել է ՀԱԿ-ը՝ առաջարկելով սեփական հայտարարության նախագիծը, որտեղ խոսվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու եւ արտահերթ նախագահական, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեր թղթակցին հայտնել է, որ եթե արտահերթ նիստ հրավիրվի, իրենք կմասնակցեն եւ կհայտնեն իրենց տեսակետը։
Կարդացեք նաև
Նիստին կմասնակցի ՀՅԴ-ն եւս, հնարավոր է, նաեւ «Ժառանգությունը»։ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ այդ ամենը ժամանակի կորուստ է։ «Եթե ցանկություն ունեն արտահերթ հրավիրելու, թող հրավիրեն։ Մենք կմասնակցենք – չենք մասնակցի, այլ հարց է, չնայած ես գտնում եմ, որ կմասնակցենք եւ մեր ասելիքը կասենք։ Բայց դա համարում եմ ժամանակի ձգձգում եւ իմիտացիա, թե ուզում են արտահերթ նիստ անել՝ քննարկելու հետընտրական իրավիճակը։ Մենք մեր առաջարկները ժամանակին արել ենք։ Իրենք ողջ մտավոր կարողությունները օգտագործեցին, որպեսզի ձգձգեն, իմիտացիա ստեղծեն եւ չանդրադառնան այս իրավիճակին, որը ես ճգնաժամ եմ համարում եւ դա խորհրդարանին պատիվ չի բերում»,- ասաց Հակոբյանը։
«Հայկական ժամանակ»