Գուրգեն Եղիազարյանը՝ Կոնգրեսից դուրս եկած քաղաքական գործիչների մասին:
«Քաղաքական դաշտում ականներ են պայթելու: Վերջին ականը մի տեսակ ձգձգվեց, շուտով կպայթի՝ կպրծնենք»- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կանխատեսում արեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը: Նա «վերջին ական» ասելով՝ նկատի ուներ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Մենք պարոն Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ , այնուամենայնիվ, ՀԱԿ-ը որոշեց մասնակցել այս ընտրություններին: «Մենք մտածում ենք վերցնել Երեւան քաղաքը»,- բացատրեց պարոն Եղիազարյանը:
Եթե նույն «ընտրակեղծարար մեքենան» է աշխատում, ինչ նախագահական ընտրություններին, ինչպե՞ս պետք է վերցնեք՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Երեւան քաղաքում մենք միշտ հաղթել ենք: Երեւան քաղաքում անցած ընտրությունններին ահագին մեզ հաջողվեց ցուցակները մաքրել: Օրինակ, հասցեներ կային Նոր Նորքում՝ 25-30 հոգի գրանցված, երբ ընդհանրապես այդ հասցեն գոյություն չուներ: Երեւան քաղաքում շատ ավելի հեշտ է պայքարել, իսկ մենք համարեցինք, որ մարզերում մենք չենք կարող սահմանամերձ գյուղերի այդ ապացույցները, ամեն ինչը հանել, որովհետեւ դրա համար միջոցներ են հարկավոր, իսկ ինչպես գիտեք, ընդդիմությունը միջոցներ չունի: Երեւան քաղաքը մեր աչքի առաջ է: Այստեղ կարող ենք պայքարել: Սա է խնդիրը»:
Կարդացեք նաև
Մենք հետաքրքիրվեցինք՝ երբ տարիներ շարունակ մարդիկ ՀԱԿ-ի հետ պայքարել էին, զրկվել էին աշխատանքից, տնից-տեղից, հետո իրենց ուղարկեցիք, այսպես ասած, տներով, արդյոք հիմա ունե՞ք պոտենցիալ, համախոհներ, որոնց վրա կարող եք հենվել, ի վերջո Կոնգրեսից մասնատվեցին մի շարք քաղաքական գործիչներ՝ իրենց ընտրազանգվածով: Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Մենք բոյկոտելով ընտրությունները՝ ոչ մեկին տուն չուղարկեցինք: Տարեցտարի մենք, իհարկե, կորցնում ենք մեր ներուժը նրա հաշվին, որ հայաթափվում է Հայաստանը: Ես իմ որդիներին մի կերպ եմ պահում, որ մնան ստեղ: Տիգրան Սարգսյանը, իինչքան էլ ասում ենք խելքը չի հասնում՝ մի բանում խելքը հասնում է՝ ասում է՝ ինչ է, թողնենք մնան, որ հեղափոխություն անե՞ն, թող ջհանդամվեն գնան: Էդ գնացողները հիմնականում մեր թիմակիցներն են: Իրենց խաժամուժը չի լքում, տզրուկի պես նստած են»:
Մենք հստակեցրինք, որ եթե այս ընթացքում կոնգրեսից առանձնացան իրենց ընտրազանգվածով Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը եւ մի շարք կուսակցություններ, ի՞նչ մնաց տակը, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց կարճ. «Մնաց հիմնական կորիզը: Հիմա ի՞նչ է նշանակում, ասենք թե 4-5 հոգի դուրս եկան, ամեն ինչ կործանվե՞ց: Եթե ամեն ինչ կործանվելու էր էդ 4-5 հոգու դուրս գալով, ուրեմն այդ 4-5 հոգին նրանց կկործանեին՝ կպրծնեինք, էլի: Հետո մի բան ասեմ՝ ցրվեցինք, կգա մի պահ, որ կհավաքվենք էլի: Այսինքն՝ նպատակը նույնն է»: Մեր հարցին՝ այսինքն դեռ տեղ կա՞, կամուրջները չե՞ն այրվել, Գուրգեն Եղիազարյանը վստահեցրեց, որ ոչ. «Դա իշխանության երազանքն է, որ կամուրջներն այրված լինեն: Իմ կարծիքով այրված չեն: Մենք ճանապարհ ենք անցել եւ շատ ծանր ճանապարհ ենք անցել: Իսկ այդ ծանր ճանապարհը հենց այդպես չի մոռացվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
երևի, այդ կորիզն էլ դուք եք….