Արթուր Ալեքսանյանի մարզիչը տարբեր դահլիճներ է փնտրում չեմպիոնի պարապմունքները ճիշտ կազմակերպելու համար :
Թբիլիսիում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճած գյումրեցի Արթուր Ալեքսանյանը մարզվում է խղճուկ պայմաններում: Նրա հայրը` Գևորգ Ալեքսանյանը, ով նաև չեմպիոնի մարզիչն է, մեզ հետ զրույցում, անդրադառնալով մարզադպրոցի պայմաններին, ասաց. «Մարզադպրոցը շատ ցավալի վիճակում է գտնվում, մի քանի տարի է ` փորձել ենք բարձրացնել այդ հարցը, արդեն ծրագիր կա. 2013-2016 թվականներին մարզադպրոցների վերանորոգման կառավարության ծրագիր կա: Նախարարությունից եկել են ներկայացուցիչներ, իմ առաջարկները ուսումնասիրել են, տեսել են մարզադպրոցի ռեալ վիճակը, ներկայացվել է կառավարությանը, պատասխանել են, որ մտել է ծրագիր, ընդ որում, վերանորոգվելու է առաջնային կարգով: 2013 թվականին պետք է կատարվեն նախագծային -հաշվարկային աշխատանքներ, 2014 թվականին պետք է սկսվի շինարարությունը: Ես հուսով եմ, որ կկատարվեն այդ աշխատանքները և նոր վերանորոգված դպրոցում էսպիսի մի ելույթ կլինի, և նոր արդյունքներ այնտեղ կունենաք»:
Իսկ թե ինչքա՞ն գումար կպահանջվի մարզադպրոցի վերանորոգման համար, մեր զրուցակիցը չգիտեր: Ըստ նրա, այդպիսի պայմանները խանգարում են մարզիկին: «Եթե մարզադպրոցը չունի լիարժեք պայմաններ, էսօր դուրս ենք գալիս և տեսնում ենք, թե ինչ դահլիճներ կան Եվրոպայում, գոնե մինիմումը չենք ապահովում մարզիչի ու մարզիկի համար` գույքը, դահլիճը, ջեռուցումը, լողանալու ջուրը, լուսավորվածությունը, շոգեբաղնիքը, էդ ամեն ինչը եթե դու չես տրամադրում մարզիչին և մարզիկին, ի՞ նչ պիտի պահանջես նրանից: Ուրեմն պայմանները պետք է տաս, որ պահանջելու տեղ ունենաս, որպեսզի մարզիկը հասնի բարձունքների, ոչնչից չի կարելի բան ստանալ: Պայմանները անխոս խանգարում են, և ես հույս ունեմ, որ եթե մեր մարզադպրոցը գոնե եվրոպական մակարդակի միջինին հասնի, մեր արդյուքները կկրկնապատկվեն , եթե ոչ ավելին»:
Կարդացեք նաև
Մարզիչը նաև ասաց, որ թեև պարապող երեխաները շատ են` 180 –ից ավելի, բայց ծնողները, բերելով երեխաներին ու տեսնելով պայմանները, հետ են գնում: Ըստ նրա, դահլիճը տեսնողը, երկրորդ անգամ չի ուզի ոտք դնել: «Ինչքան ֆանատիզմ պիտի լինի իր մեջ, որ շարունակի պարապմունքները: Էսօր ես ման եմ գալիս տեղեր, որպեսզի Արթուրին տանեմ մարզումներ կատարելու, որովհետև էդ դահլիճում ոչ բոլոր մարզումները կարելի է իրականացնել», -դժգոհեց չեմպիոնի հայրը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ