Տուժողը կողմը պահանջեց արդարացնել ամբաստանյալներին:
Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության մարտի 26-ի նիստում, դատական վիճաբանությունների շրջանակում, ճառով հանդես եկան տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը եւ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը:
Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ Ա. Նազարյանի սպանության գործը դատարանում, չգիտես ինչու, անվանում են ինքնասպանություն: Նա անդրադարձավ Նազարյանի մարմնի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Նազարյանի մարմնի վրա հայտնաբերվել է 54 վնասվածք, որոնք ժամանակագրական առումով դատաբժիշկը բաժանել է 3 խմբի՝ «մահվանից 3-5 օր առաջ», «մահվանից մինչեւ 6 ժամ առաջ» եւ «մահվանից ոչ շատ առաջ»: Նախաքննական մարմինը քննություն չի կատարել պարզելու համար, թե «մահվանից ոչ շատ առաջ» եւ «մահվանից մինչեւ 6 ժամ առաջ» Նազարյանի ստացած 53 վնասվածքները ի՞նչ հանգամանքներում եւ ո՞ւմ կողմից են պատճառվել : Իրավապաշտպանը հայտարարեց. «Նման պայմաններում հայտարարել, որ Նազարյանն ինքնասպան է եղել՝ մահվան նախորդ օրերին ամբաստանյալների կողմից իբր բռնության եւ ստորացումների ենթարկվելու հետեւանքով, ըստ մեր համոզման, նախաքննական մարմնի կողմից անամոթություն եւ ցինիզմի ծայրահեղ դրսեւորում է, իր հիմքով՝ հանցագործություն»:
Իրավապաշտպանի վկայությամբ՝գործով չի կատարվել բազմակողմանի եւ լրիվ նախաքննություն: Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ մեղադրող կողմի նախաձեռնությամբ դատարան ներկայացած դատական փորձագետ Վիգեն Ադամյանն այդպես էլ չպատասխանեց, թե ո՞ւր է քրեական գործից անհետացած 3 լուսանկարը, եւ դատարանում փորձեց արժեզրկել իր տված փորձագիտական եզրակացությունը:
Կարդացեք նաև
Ւրավապաշտպանն ասաց, որ ինքը դատարան է ներկայացրել ՌԴ դատաբժշկական փորձագիտական կենտրոնի տնօրեն Կովոլյովի գրությունը, որը դատարանը չի ընդունել: Ա. Նազարյանի մարմնում հայտնաբերվել է սպիրտ, որը համապատասխանում է միջին խմածությանը, նախաքնական մարմինը չի ցանկացել եւ չի պարզել, թե մահվանից մեկուկես ժամ առաջ Նազարյանն ո՞ւմ հետ, ի՞նչ հանգամանքներում է սպիրտ օգտագործել: Նախաքննության մարմինը չի քննել այն, որ Նազարյանի կողմից ոգելից խմիչք օգտագործելուց հաշված ժամեր առաջ հեռախոսային զրույցի ժամանակ վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանը Նազարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ է արել, Նազարյանի կողմից պատասխան ստանալուց հետո սպառնացել է գալ եւ պատասխան պահանջել նրանից:
Իրավապաշտպանն ասաց, որ գործով վկաները եւ ամբաստանյալները Բերդի ռազմական ոստիկանությունում ապօրինի կալանքի տակ են եղել, նրանց տված ցուցմունքները խեղաթյուրվել են, որ Նազարյանի ինքնաձիգի ե պահունակների բոլոր փամփուշտները տեղում են եղել, Նազարյանի ինքնաձիգի վրայի մատնահետքերը ոնչացվել են, նրա դիակի դիրքը հետո փոխվել է, Նազարյանի զինվորական գլխարկը հետագայում արյունի մեջ թաթախվել է եւ այլն: Մարտիրոսյանն ասաց, որ դատարանը մերժել է իրենց հիմնավորված միջնորդությունները եւ բավարարել մեղադրական կողմի միջնորդությունները:
Ռ. Մարտիրոսյանը եւ Ծովինար Նազարյանը հայտարարեցին, որ պետք է բացահայտվեն Նազարյանի սպանության գործի իրական մեղավորները: Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարանը կայացվելիք դատավճռով պետք է հաստատի՝ Նազարյանի ինքնասպանության մասին պնդումը ճիշտ չէ , որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվել ամբաստանյալների գործողությունների եւ Նազարյանի մահվան մեջ պատճառահետեւանքային կապի առկայությունը, դատարանը պետք է ամբաստանյալների հանդեպ կայացնի արդարացման վճիռ եւ տուժողի կողմի ներկայացրած հանցագործությունների մասին տասնյակ հաղորդումներում առկա փաստերի առթիվ քրեական գործ հարուցելու համար միջնորդությամբ դիմի ՀՀ գլխավոր դատախազություն:
Դատական հաջորդ նիստում, որը կկայանա ապրիլի 2-ին, ճառով հանդես կգա պաշտպանական կողմը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ