Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «Եթե ՀԱԿ-ը հայտնվի այս հրապարակում, մենք որեւէ խնդիր չունենք»

Մարտ 26,2013 19:43

Նա բացատրեց, թե ինչու է մրցակցելու իր պայքարի ընկերների դեմ

 

Այսօր Ազատության հրապարակում Aravot.am-ը բաց քաղաքացիական խորհրդի նիստին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, որ Դուք «Բարեւ Երեւան» դաշինքում եք, իսկ ավագանու ընտրություններին մասնակցում է նաեւ ՀԱԿ-ը, Դուք փաստորեն Ձեր պայքարի ընկերների հե՞տ եք մրցակցում:

Նա պատասխանեց. «Իհարկե, հարցը տեղին է, բավականին բարդ իրավիճակ է, որովհետեւ մենք 5 տարի ՀԱԿ-ի հետ անցել ենք դժոխքով՝ բառի ուղղակի իմաստով: Բայց վերջին 2 տարիներին ՀԱԿ-ի վարած քաղաքականությունը բնականաբար դաշինքի ներսում խնդիրներ էր լուծում: Վերջնական այդ հանգուցալուծումը ստացվեց, երբ ՀԱԿ-ը, առանց դաշինքի որոշման, այդ անվամբ կուսակցություն ձեւավորեց, այսինքն, ՀՀՇ-ն վերանվանվեց ՀԱԿ: Բնականաբար, մնացած կուսակցություններն ազատ են իրենց գործունեությամբ: Վերջին տարիներին կային փոխադարձ դժգոհություններ, բնական է այդ փոփոխությունը: Մեր կուսակցությունը, լինելով ժողովրդի կողքին, հրապարակում ժողովուրդը կանգնած էր, մեր կուսակցությունն այլ տեղ չէր կարող լինել: Եթե ՀԱԿ-ը հայտնվում է այս հրապարակում, մենք որեւէ խնդիր չունենք իրար հետ ժողովրդի կողքին լինելու»:

Հարցին՝ ինչո՞ւ ՀԱԿ-ը այդպես էլ չմիացավ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին՝ Պետրոս Մակեյանը այսպես բացատրեց, որ ՀԱԿ դաշինքից 3 կուսակցություն Բարեւ Երեւան դաշինքի մեջ է հիմա՝ ԺՈՒԿ-ը, իր կուսակցությունը, Պահպանողական կուսակցությունը, նաեւ Սոս Գիմիշյանի կուսակցությունն է սատարում. «Այսօր էլ իմ թվարկած նախկին դաշինքից 4-5 կուսակցություն ժողովրդի կողքին է գտնվում: Մնացածն էլ ժամանակը ցույց կտա, կյանքը ցույց կտա, թե որտեղ կլինեն»:

ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանն էլ նշեց, որ մինչ օրս դեռ ՀԱԿ դաշինքը գոյություն ունի, դաշինքը առայժմ չի ինքնալուծարվել:

Անդրադառնալով քաղաքական հայացքների համար իշխանություների կողմից հետապնդումներին՝ նա վստահեցրեց, որ ինքը 6 տարի է՝ անգործ է, բայց եթե 10 տարի էլ գործազուրկ մնա՝ մեկ է, ընկերների եւ հարեւանների շնորհիվ կգոյատեւի, բայց քաղաքական հայացքները չի դավաճանի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031