ՀԱԿ ավագանու ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը պնդում է՝ 90-ականների Երեւան քաղաքի խնդիրները մինչ օրս մնացել են առանց լուծման:
«Շատ զարմանալի է, խնդիրներն ավելի խորացել են, քան թե մեր ժամանակ կար: Նույն բնապահպանական, աղբահանության խնդիրները: Մարդիկ առաջ են գնացել, բայց 20 տարի առաջվա աղբահանման տեխնոլոգիաները մինչեւ հիմա օգտագործվում են: 21-րդ դար է, բայց մարդիկ դեռ թասերով աղբ են հանում բարձրահարկ շենքերից»,- դժգոհեց պարոն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում:
Նա դեռեւս չի շտապում ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը, բայց վստահեցնում է, որ այն երկու հիմնական մասից է բաղկացած լինելու՝ քաղաքական եւ քաղաքային տնտեսության վերաբերող բաժիններ: Պարոն Խաչատրյանն ասաց, որ իրենց ծրագիրը ամբողջական ներկայացնելու համար հաշվի են առնելու նաեւ տարբեր խմբերի հետ հանդիպումների ժամանակ ներկայացվող առաջարկությունները:
Նա աչքի է անցկացրել քաղաքական այլ ուժերի ավագանու ցուցակները եւ գտնում է, որ ՀԱԿ-ն ամենաշահեկան վիճակում է. «Չեմ կարծում, որ այդ մտավորականներով այսօր ՀՀԿ-ն ներկայանալի է: Այնտեղ այնպիսի ճարտարապետներ կան, մեկը հարգված ճարտարապետ, մյուսն էլ կիսատ ճարտարապետ, որոնց առաջին հարցը պետք է տրվեր՝ ո՞նց եղավ, որ Մաշտոց պողոտայի խնդիրները եղան: Եթե այդ մարդը՝ Հրաչիկ Պողոսյանը, որը շատ հարգված ճարտարապետ է նաեւ իմ կողմից, եւ ցուցակում ընդգրկված այլ թեկնածուները, լինելով ավագանու անդամ, հնարավորություն ունեին անմիջական ազդելու իրենց գործողություններով, ավագանու հարց բարձրացնելով, տեսնում են, թե Երեւանում ինչ է կատարվում , ու այդ մարդիկ էլի էդ ցուցակում են, չեմ կարծում , որ առավելություն է»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, թե ՀԱԿ-ի ցուցակն էլ քնադատվում է անփորձ երիտասարդներին ներգրավվելու համար, պարոն Խաչատրյանն ասաց. «Անփորձ երիտասարդն ավելի լավ է, քան թե նման փորձված մարդիկ: Հիմա նույն Իգիթյանին հարց տամ՝ ի՞նչ եղավ մանկական գեղարվեստական կենտրոնի հետ: Կարո՞ղ եք բացատրել ՝ ո՞նց է լինում, որ Սայաթ-Նովա փողոցից եւ այս կողմից դառնում է բիզնես կենտրոն, դա մանուկների համար էր նախատեսված, թե՞ մարդիկ խորհրդային տարիներին չէին մտածում, որ այդտեղ կարելի էր ծաղիկ վաճառել կամ սրճարան կառուցել: Դա երեւանցուն հարիր է, հա՞: Ինքն էլ ավագանու անդամ է»:
Պարոն Խաչատրյանը պարկեշտ չի համարում ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատականները, թե վերջին տարիների լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է եղել. «Ես չգիտեմ՝ ինչ չափանիշներով է ինքը գնահատում: Ես մեկը կարող եմ ասել, որ քաղաքային իշխանություն չի եղել Երեւանում: Թեկուզ Մաշտոցի պողոտան, թեուզ Մաշտոցի պուրակը, թեկուզ էն փաստը, որ էդտեղ էդ կրպակները դրվել են: Ո՞նց կարելի է մարդու մտքով անցկացնել, բերել բուծիկներ դնել Երեւանի կենտրոնում, որտեղ նախատեսված էր այգի կամ մետրոյի կանգառ… երեւի այդ չափանիշներից ելնելով լավ քաղաքապետ էր: Մարդկային առումով պարկեշտ չէ, մինիմում 4 ՀՀԿ-ական քաղաքապետ է եղել: Այդպիսի գնահատական տալ, միայն ագիտացիոն նպատակներով նման հայտարարություն անել, ճիշտ չէ»:
Պարոն Խաչատրյանի խոսքերով, Երեւան քաղաքի շենացման նախընտրական մի ծրագիր կա, որի մասին քաղաքական բոլոր ուժերի թեկնածուներն էլ խոսելու են. «Ի վերջո, բոլորս նույն խնդիրների մասին ենք խոսելու: Թե մենք ինչքանով ենք պատրաստ մեր խոսացածը իրականացնելու, դա է հարցը: Հիմա ոչ ոք չի գալու ասի, կանաչը վերացնելու եմ: Բայց ուրիշ է իշխանությանը հարցնես՝ եթե չես վերացնում, էս գործը ո՞նց եք անում, էս ծառը ո՞նց է վերանում, կամ Տերյան-Իսահակյան խաչմերուկում ինչ է կատարվում, որտեղ ժամանակին սրճարան էր կառուցվում, հետո մեծ աղմուկից հետո փակվեց: Քաղաքային տնտեսության խնդիրները նույնն են, կարեւորը կա կամք դրանք իրականացնել, բայց ես իշխանությունների կամքի բացակայություն եմ տեսնում, որովհետեւ Երեւանը նայում են ոչ թե աշխատելու, ապրելու քաղաք, այլ բիզնեսի սուբյեկտ»:
Քննադատություններին, թե ՀԱԿ-ը ավագանու ընտրություններին մասնակցում է՝ ցույց տալու համար, որ լուսանցքում չէ, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Մենք լուսանցքում չենք հայտնվել, տենց բան չկա: Դրանք ցանկություններ են ուղղակի, ի՞նչ է նշանակում լուսանցքում ենք, երբ էսօր մենք կանք ու հավատացեք ավելի ուժեղանալու ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ