Նա վստահեցնում է, որ կանգնելու է յուրաքանչյուր քաղաքացու կողքին եւ թույլ չի տալու, որ ճնշեն:
«Ես չեմ ուզում ավելորդ տեղը կենտրոնանալ շարքային պաշտոնյաների վրա, ասել, որ այսինչ հրահանգի տակ են: Բայց ուզում եմ երկու խոսք ասել: Վստահ եմ, որ «Բարեւ Երեւանը» կմտնի Երեւանի ավագանու մեծամասնության մեջ: Բայց մի բան իմացեք, որ ճշմատությունը ամեն մի մանրամասնության մեջ է»,- այսօր Ազատության հրապարակում ամփոփելով բաց քաղաքացիական խորհրդի նիստը՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց Սեւանի դեպքը, երբ մի աղջիկ քաղաքապետին տեսախցիկների առաջ ինչ է, թե ասել էր, որ ընտրությունները նա է կեղծել, մի քանի օր անց հրավիրել էին ոստիկանություն. «Դրա համար գործ սարքեցին վրան: Մենք էլ գնացինք այդ կնոջ կողքը: Մի ուրիշ տեղ՝ Ազատանում, մեր նախընտրական գովազդների մեջ շատ պարկեշտ մի կին, ընտանիքի մայր, խանութպան երկու խոսք ասաց այդ գովազդում եւ հետո նեղեցին: Մենք գնացինք եւ իր կողքը կանգնեցինք»:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով, որ ԺՈՒԿ առաջնորդ Մանուել Գասպարյանն այսօր ահազանգել էր, որ «Բարեւ Դաշինքի» ցուցակի 18 համարին՝ մի գրադարանավարուհու արդեն գործից ազատել են՝ ասելով, թե հրահանգը վերեւից է, Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ պիտի կարողանան ցանկացած քաղաքացու, ով ճնշվում է քաղաքական հայացքների համար՝ նրա կողքը կանգնել. «Դա նշանակում է, որ իհարկե, դու բարձրացրեցիր հարցը, չեմ ուզում անհարգալից վերաբերմունք դրսեւորենք, բայց առաջարկում եմ, որ իմանանք, թե ով է այդ գրադարանավարը, որովհետեւ որքան էլ ինքը խեղճուկրակ է, հրահանգի տակ է, ինքը եւս պիտի թույլ չտա, որ ժողովրդի հաղթանակից հետո՝ փետրվարի 18-ից հետո իրեն թույլ տա, որ ինքը գործիք լինի: Եթե այս հետքը հասնի մինչեւ քաղաքապետարան եւ քաղաքապետ, որքան էլ կարգին, ազգասեր մարդ եղած լինի Տարոն Մարգարյանի հայրը երջանկահիշատակ, Տարոն Մարգարյանը պիտի պատասխան տա այս գրադարանավարի համար: Հե՛նց այս գրադարանավարի համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ