Պետրոս Մակեյանը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դասեր քաղել
«Ժամանակն է, որ նրանք մտածեն, թե մենք ինչ ենք անում, ոչ թե մենք մտածենք, թե իրենք ինչ են անում»,- այսօր Ազատության հրապարակում մինչ քաղաքացիական բաց խորհրդի նիստը կսկսեր՝ քաղաքացիներին այսպես արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ քաղաքացիները կոչ էին անում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ չգնա Բաղրամյան 26, որ կխաբեն:
Այսօր նիստը վարում էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Ըստ նրա, «Սովորաբար հետընտրական զարգացումները տեւում են 20 օր, մեկ ամիս, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն, ի պատիվ իրեն, արեց ոչ ստանդարտ քայլեր, գնաց մարզեր, այնուհետեւ արեց հացադուլ, լավ լուրջ քայլ էր, անձնազոհություն, ժողովրդին մեսիջ էր, որ եկեք ձեր քվեին տեր կանգնեք: Դա ծանրագույն քայլ էր: Առաջին քայլն այն էր, որ խուճապի մատնեց իշխանություններին, հիմա պետք է երկրորդ քայլն արվի»:
Կարդացեք նաև
Պետրոս Մակեյանը գտնում է, որ 98-ից սկսած՝ Սահմանադրության երկրորդ հոդվածը չի գործում՝ հաղթում է ընդդիմությունը, բայց իշխանությունը չի հանձնվում ժողովրդին:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի պատասխան նամակին՝ Պետրոս Մակեյանը հորդորեց Րաֆֆի Հովհաննիսյանին նախկին երկխոսությունից դասեր քաղել. «2011-ին իշխանությունը ջանքեր թափեց, որ երկխոսություն լինի, ժողովուրդը հանգստացավ, հրապարակը դատարկվեց, արդյունքում եղավ այն, ինչ իմացաք: Քաղաքական բովում թրծված ՀԱԿ-ը չմասնակցեց նախագահական ընտրություններին: Հիմա եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ինչ-որ քայլ անի, պետք է հաշվի առնի բոլոր այն ճանապարհները, որ ընդդիմությունն անցավ այս 20 տարիներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ