Ահազանգում են ճնշումների մասին
Այսօր Ազատության հրապարակում «Ժողովրդավարական ուղի» կուսակցության առաջնորդ Մանուել Գասպարյանն ասաց, որ երեկվա Սերժ Սարգսյանի նամակը հուսադրող էր: Նրա դիտարկմամբ՝ շատերը ինչ-որ պատառ փախցնելու նպատակով հայտնվել են այդ թիմում եւ Սերժ Սարգսյանին թույլ չեն տալիս խելամիտ լուծումներ անել: Իսկ երեկվա նամակը խոհեմ քայլ է: Ըստ նրա՝ «Մի անձը չի կարող իր բարեկեցությունն ապահովել եւ թվացյալ հաջողությունը վայելել մարդավայել: Եթե իր հարեւանը սոված է, ինքը պետք է մտածի նաեւ այդ հարեւանի մասին»:
Պարոն Գասպարյանը կիսվեց, թե ավագանու ընտրությունները չսկսված՝ ինչ ճնշումների են սկսել ենթարկել «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակի մեջ ներառված մարդկանց. «Երեկ չէ առաջին օրը մեր կուսակցության անդամին, որ «Բարեւ դաշինքի» 18-րդ համարում է հայտնվել, աշխատում է «շատ բարձր պաշտոնում»՝ Քանաքեռ-Զեյթուն վարչատարածքին կից՝ գրադարանավարուհի: Աշխատավարձը 35 հազար դրամ է: Կանչել են եւ պահանջել են, որ դիմում ներկայացնի: Գրադարանավարուհին աշխատել է 3 տարի, բայց Մանուել Գասպարյանի խոսքերով՝ «Ճղճիմ կոմունիստական քաղաքական մոտեցումները, որը պայմանավորված էր միակուսակցական համակարգով, փորձել են այդ միակուսակցական համակարգը շարունակել ՀՀԿ բարձրադիր իշխանությունները: Գրադարանի տնօրենն ասել է, որ դա ինձանից չէ, իմ վերեւից եկած հրահանգ է»:
«Ամոթ Տարոնին»,- բղավեցին հավաքվածները:
Կարդացեք նաև
Մանուել Գասպարյանը նաեւ վստահեցրեց, որ Տարոն Մարգարյանն ու ՀՀԿ-ն մինիմալ ձայները Քանաքեռ-Զեյթունում են ստանալու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ