Երևանի թիվ 198 ավագ դպրոցում այսօր տեղի է ունեցել “eTwinningplus ծրագրին Հայաստանի միացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ներկայացվել են “eTwinningplus” ծրագիրը, կատարված աշխատանքներն ու զարգացման հեռանկարները: Ծրագրին մասնակից դպրոցների ներկայացուցիչներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, ով մասնավորապես, նշել է.””eTwinningplus”-ն ուղղակի ծրագիր չէ, այն Եվրոպական հարևանության քաղաքականության, այսինքն համընդհանուր պետական ծրագրի շրջանակում է և հանդիսանում է դրա բաղկացուցիչ մասը: Մեր դպրոցների ակտիվությունից և արդյունավետ աշխատանքից է նաև կախված մեր երկրին տրվող գնահատականը` Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում, որովետև այդ քաղաքականությունը ՀՀ գերակա ուղղություններից մեկն է: Համոզված եմ, որ վերոնշյալ ծրագիրն առաջին հերթին անհրաժեշտ է մեր դպրոցներին և երեխաներին, քանի որ այն հնարավորություն է տալիս շփվել եվրոպական երկրների դպրոցների հետ, փորձի փոխանակում իրականացնել, երեխաների մոտ զարգացնել շփումների ունակությունը, մեր մշակույթն ու կրթությունը ներկայացնել եվրոպական երկրներին, ինչպես նաև զարգացնել աշակերտների և ուսուցիչների կարողությունները` օտար լեզվի և ՏՀՏ օգտագործման ուղղությամբ”,-նշել է ԿՏԱԿ-ի տնօրենը` հավելելով, որ “eTwinningplus”-ի շրջանակներում սկիզբ առած համագործակցությունն արդեն տալիս է իր առաջին պտուղները. ներկայումս Հայաստանի դպրոցներն արդեն մասնակցում են 7 ծրագրի։ Ըստ Արտակ Պողոսյանի` հետագայում նախատեսվում է ընդլայնել Հայաստանի դպրոցների և Եվրոպական կրթական տարածքի դպրոցների համագործակցությունը։
“eTwinning”–ը եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչները և սովորողներն ինչպես անհատական, այնպես էլ խմբերով կարող են գրանցվել և օգտվել “eTwinning”–ի առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել միմյանց, իրականացնել գաղափարների և առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների և համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական և կրթական այլ առցանց ծրագրեր։
Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում “eTwinning”–ին մասնակցելու հրավեր են ստացել Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան և միջերկրածովյան ավազանի երկրներից Թունիսը, որի արդյունքում ստեղծվել է համագործակցության նոր հարթակ` “eTwinningplus”–ը։
Հայաստանի դպրոցների մասնակցությունը “eTwinningplus” ծրագրին սկսվել է 2013թ., երբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես Աջակցող գործընկեր կազմակերպություն, գրանցել է առաջին դպրոցները՝ հնարավորություն տալով վերջիններիս սկսել համագործակցության առաջին քայլերը։ Ներկայումս “eTwinningplus” պորտալում գրանցված են 22 դպրոց և ավելի քան 90 ուսուցիչ` Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից։ Մասնակից դպրոցների ընտրությունը կատարվել է բաց մրցույթով՝ ընդգրկելով տարբեր կազմակերպական ձև և կրթական աստիճան ունեցող դպրոցներ՝ հիմնական, միջնակարգ, ավագ, մասնավոր վարժարաններ։
ՀՀ կրթության և գիտության նախարարություն