Հայաստանի եւ Սլովենիայի փոխադրողները կազատվե՞ն հարկերից ու տուրքերից
Բեռների ավտոմոբիլային փոխադրումներ, ինչպես նաեւ տարանցիկ փոխադրումներ Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ անարգել իրականացնելու եւ փոխադրողներին հարկերից եւ տուրքերից ազատելու համար, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարությանն առաջարկում է երկու երկրների միջեւ համաձայնագիր կնքել: Կառավարության մարտի 28-ի օրակարգում ընդգրկված է նաեւ այս հարցը:
Մինչ օրս Սլովենիայի հետ բեռների միջազգային ճանապարհային փոխադրումները իրականացվում էին Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) բազմակողմ թույլտվությունների հիման վրա, որոնք թեեւ թույլ են տվել անարգել մուտք գործել երկրի տարածք, սակայն փոխադրողներին հարկերից եւ տուրքերից չեն ազատել: Ըստ նախագծով ներկայացված հիմնավորման, համաձայնագրի ստորագրումը կողմերի տարածքում գտնվող փոխադրամիջոցներին կազատի սեփականության, գրանցման եւ փոխադրամիջոցի վարման հետ կապված բոլոր հարկերից եւ թույլ կտա անարգել օգտագործել մուտքի երկրի ճանապարհային ցանցը: Համաձայնագրի ստորագրումը, ըստ նախարարության պատասխանատուների, նաեւ խթան կհանդիսանա ինտերմոդալ փոխադրումների զարգացման, ինչպես նաեւ ճանապարհային անվտանգության եւ վարորդների աշխատանքային պայմանների բարելավման համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև