Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Հարությունյան. «Բյուրականի աստղադիտարանը ճանաչվել է որպես ազգային արժեք»

Մարտ 26,2013 17:25

«Տեսակետ» ակումբում այսօր կայացած «Բյուրականի աստղադիտարանի արդիականացման ծրագրերը» թեմայով ասուլիսի բանախոսը աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն էր, որը մեծ ոգևորությամբ հայտարարեց. «Ուզում եմ ուրախությամբ նշել, որ ՀՀ ԳԱԱ-ի որոշմամբ, և դրանից հետո արդեն կառավարության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանը ճանաչվել է որպես ազգային արժեք, այսինքն՝ այն հավասարվել է Մատենադարանին, Ցեղասպանության թանգարանին և այլն»: Նա նշեց, որ 90-ական թթ.-ից ունեցել են ծրագիր Բյուրականի աստղադիտարանը հռչակելու գիտական ազգային կենտրոն, որի հետ միասին պետք է ստեղծվեր տարածաշրջանային /ռեգիոնալ/ կենտրոն, քանի որ Բյուրականի աստղադիտարանը միշտ էլ հայտնի է եղել որպես ճանաչված գիտական կենտրոն:

Բանախոսն ասաց, որ իրենք մշակել են երկու կարևոր ծրագրեր, որոնցից մեկը Կելդիշի ինստիտուտի հետ միասին իրականացվող մարդածին և բնական վտանգների կանխարգելման ծրագիրն է: Այդ ծրագիրը տիեզերական սարքերի համար մեծ նշանակություն ունի, այն սարքերի, որոնք այսօր պտտվում են Երկիր մոլորակի շուրջը և որոնց ընդհանուր զանգվածը այսօր կազմում է մոտավորապես 6000 տոննա:

Հայկ Հարությունյանը նշեց, որ նախատեսվում է նաև վերականգնել երկուսուկես մետրանոց դիտակի հայելին, որը 80-ական թթ.-ից դեռ ոչ մի անգամ չի վերաալյունապատվել, չնայած դիտակների հայելիները երկու կամ երեք տարին մեկ պետք է ալյունապատվեն: Բանախոսը ուրախությամբ հայտնեց, որ անցած տարի ՀՀ ԳԱԱ-ի գումարների հաշվին վերականգնվել է աստղադիտարանի վակուումային սարքը, որը համարյա երեսուն տարի փակ վիճակում էր և չէր օգտագործվում:

Աստղադիտարանի տնօրենը նշեց, որ Բյուրականի աստղադիտարանի այս տարվա մեծ ձեռքբերումներից մեկը պետության կողմից ՀՀ ԳԱԱ-ի միջոցով աստղադիտարանին հատկացված անհրաժեշտ գումարն է, որի շնորհիվ այսօր կատարվում են մեծ դիտակի արդիականացման աշխատանքները. «Աստղադիտարանի արդիականացման ծրագիրը սկսվել է անցած տարվա օգոստոսից, սակայն դեռևս գումար հատկացված չէր, սակայն ՀՀ ԳԱԱ-ի միջոցների հաշվին սկսվեցին որոշ աշխատանքներ: Եթե անցած տարի մեր բյուջեն ընդամենը 65 միլիոն դրամ էր, ապա այս տարի մեզ հատկացվել է 185 միլիոն դրամ, որից 100 միլիոնը նախատեսված է մեծ դիտակի վերականգնման և մյուս դիտակների արդիականացման համար»:

Բանախոսը նշեց, որ Բյուրականի աստղադիտարանի հիմնական աշխատանքը կապված է հիմնարար հետազոտությունների հետ, այսինքն հետազոտություններ, որոնք վերաբերում են տիեզերական հեռավոր օբյեկտներին` աստղեր, գալակտիկաներ և այլն:

Պարոն Հարությունյանը խոսեց նաև ԶԼՄ-ի միջոցով սխալ տեղեկատվության տարածման մասին, այն է՝ Բյուրականի աստղադիտարանը 5 միլիոն եվրոյով վաճառելու մասին խոսակցությունները. «Սա իհարկե սխալ ինֆորմացիա է, քանի որ այն ակադեմիական ինստիտուտ է, այսօր արդեն ազգային արժեք, բնականաբար չի կարող վաճառվել որևէ անհատի»: Բանախոսը հերքեց նաև Բյուրականի աստղադիտարանին հատկացված 5 միլիոնի մասին խոսակցությունները, ասելով, որ դրանք միայն խոսակցություններ են և դեռևս այդպիսի գումար իրենց չի տրվել, պարզապես աստղադիտարանը սկսել է «Ռոսկոսմոսի» հետ կառուցել Բյուրականի աստղադիտարանում նոր դիտակների կայան, թե ինչ արժեն դիտակները, պարոն Հարությունյանը տեղյակ չէր, քանի որ դա ՌԴ-ի սեփականությունն է:

Վարդուհի ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031