Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ հավատանք` ՀՀ-ում աղքատության ցուցանիշը աճե՞լ է, թե՞ նվազել

Մարտ 26,2013 17:05

«Հայաստանը լրացուցիչ առաջընթաց է արձանագրել մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության կրճատման և սոցիալական համերաշխության ոլորտներում Գործողությունների ծրագրի նպատակներին հասնելու ուղղությամբ: Չնայած սահմանափակ քայլեր են իրագործվել բարձրաստիճան կոռուպցիայի դեմ պայքարում: Կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ներկայիս շրջանակն անբավարար է»,- սա մի հատված է, որն ամրագրված է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) 2012 թվականի երկրի և տարածաշրջանային զեկույցում: Այն հրապարակվել է մարտի 20-ին:

Aravot.am-ը տնտեսական ոլորտում հետազոտություններ իրականացնող մասնագետների հետ զրույցում հետաքրքրվեց` ԵՀՔ-ի կողմից արձանագրված առաջընթացը նկատելի՞ է մեր երկրում:

«168 ժամ»-ի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը նկատեց, որ անգամ ՀՀ իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել աղքատության կրճատման մասին ու նշեց. «Դժվարանում եմ ասել, թե ինչից ելնելով են նրանք այդպիսի գնահատական տվել: Նույնիսկ պաշտոնապես չեմ տեսել, որ մերոնք ասեն, թե աղքատությունը կրճատվել է: Ուստի չեմ կարծում, որ դա լուրջ տեղեկատվություն է:  Մերոնք ամեն ինչ անում են, որ պաշտոնապես տնտեսական աճը գնաճից բարձր լինի, բայց իրականում դա այդպես չէ: Պաշտոնապես աղքատության կրճատման մասին չեմ լսել, հակառակը, ճգնաժամի պատճառով աղքատության ցուցանիշը, որն իջել էր 1/4-ի, հիմա նորից դարձել է 1/3-ի կարգի»:

Հարցին` այդ դեպքում ի՞ նչ միտում են հետապնդում արտաքին աշխարհի այսպիսի հայտարարությունները, պարոն Գալոյանն այսպես պատասխանեց. «Ես երևույթներին քաղաքական տեսակյունից չեմ նայում, բայց կարող են լինել նաև քաղաքական դրդապատճառներ: Հնարավոր է այդ հրապարակմամբ  որոշակի տնտեսական ղեկավարության դրական հասարակական իմիջի ձևավորման, կամ աջակցության համար արված լինի: Օրինակ` կոնկրետ կարող են ակնարկել Հայաստանի նոր քաղաքական ղեկավարին, որ նա իրենց ձեռնտու է, կամ հաճելի է աշխատել տնտեսական այս ղեկավարների հետ ու այլ նման հարցեր»:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը համաձայնեց, որ վերջին տարիներին հատկապես տնտեսական ցուցանիշների բարելավման առումով կա առաջընթաց, սակայն աղքատության կրճատման ասպարեզում դեռևս ցանկալի արդյունք մենք չենք տեսել: Հետաքրքրվեցինք` այդ դեպքում տնտեսագետը հակասություններ չի՞ տեսնում ԵՀՔ զեկույցի և հայաստանյան իրականության միջև: Թ. Մանասերյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ տնտեսական աճը միշտ չի հաջողվում վերածել մարդկային զարգացման: Սա վաղուց եկած բարդույթ է ՀՀ-ի համար, քանի որ լիբերալները կամ նեոլիբերալները ՀՀ տնտեսական զարգացման մոդելները մշակելիս առաջնությունը տալիս էին ցուցանիշների բարելավմանը և ոչ այնքան մարդկային զարգացման սոցիալական ցուցանիշների բարելավմանը, և իներցիոն ուժով այդ միտումը դեռ շարունակվում է: Կարծում եմ` մեր հիմնական խնդիրը պիտի լինի այն, որ մոտակա տարիներին այնպես անել, որ տնտեսական աճն այնպես արվի, որ վերածվի սոցիալական զարգացման: Աղքատության ավելացման միտում է եղել, բայց վերջին մեկ տարվա ընթացքում աղքատության խնդիրների հաղթահարման պրոցեսներ են ընթանում ու կարևոր է, որ դրանք վերածվեն օրինաչափության: Այն,  ինչ նշվում է ԵՀՔ կողմից, մեր իսկ տրամադրած տվյալների հիման վրա է, և այստեղ հակասություն կամ պարտադրանք չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031